ՀՈՂԱՅԻՆ ԽՆԴԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարեկամավանը Տավուշի մարզի ամենահեռավոր, «արտաքին աշխարհից կտրված» սահմանամերձ գյուղն է: Այն մարզկենտրոն Իջեւանից գտնվում է 58, Նոյեմբերյան քաղաքից՝ 37 կմ հեռավորության վրա: Լեռներով շրջապատված փոքր գյուղը սահմանակցում է բնակչությամբ անհամեմատ ավելի մեծ ադրբեջանական 3 գյուղերի: Հայաստանի անկախանալուց հետո Բարեկամավանից մեծ արտագաղթ է եղել: Գյուղում գրանցված է 335 բնակիչ, սակայն գյուղապետ Գարիկ Աբազյանի վկայությամբ՝ Բարեկամավանում փաստացի ապրում է 300 մարդ: Բարեկամավանի Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցում սովորում է 34 աշակերտ: Իսկ սեպտեմբերի 1-ին այս դպրոցի առաջին դասարան կհաճախի ընդամենը մեկ բարեկամավանցի: Գյուղի հողատարածքների մեծ մասը գտնվում է սահմանամերձ, ադրբեջանական գնդակոծության գոտում, այդ պատճառով չի մշակվում: Բարեկամավանի գյուղապետն ասաց, որ այս տարի գյուղում առկա է 55 հա ցորենի արտ, արտհունձն ընթացքի մեջ է: Բարեկամավանի համար կենսական նշանակություն ունեն Շլորկուտ սարամասում՝ գյուղից բավական հեռավորության վրա գտնվող խոտհարքներն ու արոտավայրերը:
2010թ. Հայաստանում օրենք է ընդունվել համայնքների վարչական սահմանների փոփոխության, ճշգրտման վերաբերյալ, ինչի արդյունքում համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողատարածքները կցվել են այն համայնքներին, որոնցից ամենափոքր հեռավորության վրա են գտնվում: Այդպիսով՝ Ջուջեւան համայնքին են միացել նախկինում Նոյեմբերյան քաղաքի բնակիչների կողմից տնօրինվող Կարմիրգյուղ սարամասի տարածքները, նաեւ Բարեկամավանի կողմից օգտագործվող Շլորկուտ սարամասի խոտհարքները եւ արոտավայրերը: Բարեկամավանի գյուղապետ Գարիկ Աբազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ գյուղում արտհունձի աշխատանքների ավարտից հետո ինքը մեկնելու է Շլորկուտ՝ գյուղացիներին բաժանելու տեղի խոտհարքները: Նա նշեց, որ, ըստ օրենքի, այդ տարածքները հանձնվել են Ջուջեւանին, սակայն հարցը դեռ վիճելի է:
Ջուջեւանի գյուղապետ Ժորա Չիլինգարյանն ասաց, որ ինքը դեմ չէր լինի, եթե օրենքով այդ տարածքները մնային Բարեկամավանին, սակայն Բարեկամավանը Շլորկուտի հետ անմիջական սահման չունի: Ժ. Չիլինգարյանը հայտնեց, որ անցած 2 տարիներին բարեկամավանցիները տնօրինել են այդ խոտհարքները, եկամուտ ստացել, սակայն Ջուջեւանի համայնքապետարան վարձակալության գումարներ չեն մուծել:  Գյուղապետը  խոսել է այդտեղ խոտհարքներ ունեցող բարեկամավանցիների հետ, որպեսզի նրանք առաջիկայում վարձակալության պայմանագրեր կնքեն Ջուջեւանի համայնքապետարանի հետ:
Գ. Աբազյանի վկայությամբ՝ Շլորկուտում առկա տարածքները 100 հա են, իսկ Ժ. Չիլինգարյանի խոսքով՝ դրանք գերազանցում են 100 հեկտարը: Ջուջեւանի ղեկավարն ասաց, որ իրենք օրենքով սահմանված ամենացածր վարձավճարները կկիրառեն բարեկամավանցիների համար, սակայն այդ տարածքների օգտագործումը պետք է օրինական լինի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս