Մեր ԱԳՆ-ի մեկնաբանությունը շատ թույլ էր: Նման իրավիճակում ԱԳՆ-ն իրավունք չունի ասել` կարծում եմ: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Լավրովի հայտարարությանն ու ԱԳՆ-ի պատասխանին, նշեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օրեր առաջ ասել էր, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցով համաձայանգրերը գրեթե պատրաստ են: Նրա այս հայտարարությանն ի պատասխան ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշել էր, թե խոսքը գնում է 2011թ. Կազանում քննարկված փաստաթղթի մասին:
«Այստեղ շատ փաստարկված պետք է նշվի, թե դա ինչ փաստաթուղթ է կամ ինչ սպասելիքներ ունենք կամ չունենք: Բնականաբար, փաստաթղթին ամբողջովին ծանոթ չլինելով, չեմ կարող լիիրավ մեկնաբանություններ անել, բայց այս փուլում շատ կարևոր են Լավրովի բոլոր մեկնաբանությունները, որ ինքը հնչեցրեց», – նշեց նա:
Քոքոբելյանն ընդգծեց, որ այսքանից հետո պետք է արձանագրենք, որ Ռուսաստանի հետ գործ ունենք ոչ թե որպես ռազմավարական դաշնակցի, այլ ուղղակի որպես կողմ:
«Որքան էլ հայտարարի, որ ինքը շահագրգռված է տարածաշրջանում կայունության պահպանմամբ, միևնույն է Ռագոզինի հայտարարությունն ամբողջովին ի չիք է դարձնում ամեն ինչ»:
Հիշեցնենք, որ ՌԴ փոխվարչապետ Ռագոզինը հայտարարել էր, որ իրենք շարունակելու են զենք վաճառել Ադրբեջանին: