ԽՆԴԻՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ անասնապահությունն ու հողագործությունը գյուղացիների միակ զբաղմունքն ու եկամտի աղբյուրն են: Սակայն վերջին տարիների անբարենպաստ եղանակային պայմանները շատ են խանգարում գյուղացիներին: Ամեն անգամ գյուղացին, բերքը կարկուտի բաժին դարձնելով, թեւաթափ է լինում, հեռանում հողից, սակայն մի փոքր հույսի դեպքում նորից սկսում հողի հետ կռիվ տալ: Այս տարի էլ Լոռու մարզում կարկուտը շատ վնասներ հասցրեց, իսկ հիմա էլ անձրեւներն են խանգարում խոտհունձին: Մոտ 370 բնակիչ ունեցող Բովաձոր համայնքի գյուղացիներն ասում են, որ այս տարի անհամեմատ շատ են անձրեւներ տեղում: Դրանից տուժում է գյուղատնտեսությունը: Տղամարդիկ, գյուղում ապրուստի միջոց վաստակել չկարողանալով, մեկնում են արտագնա աշխատանքի: Բայց, ինչպես նշում է համայնքի ղեկավարի տեղակալ Մելանյա Վարդանյանը, բովաձորցի տղամարդիկ հավատարիմ են, ձմռանն ընտանիք են վերադառնում: Նրանք վերադառնում են նաեւ այն ժամանակ, երբ գյուղում իրենց կարիքը շատ է զգացվում: Հիմա խոտհունձի շրջանն է, տղաները դրսում աշխատանքը ժամանակավոր թողել, եկել են՝ կազմակերպելու ձմռանն անասուններին կերով ապահովելու հարցը, որն ավարտելուց հետո նորից վերադառնալու են արտագնա աշխատանքին: Անձրեւային եղանակները, սակայն, դանդաղեցնում են խոտհունձի ընթացքը:
Բովաձորի բնակիչների խոսքով՝ խնդիրները գյուղում շատ են: Բավական անմխիթար են միջհամայնքային ճանապարհները: Գյուղացիների ուժերով դրանք մի քանի անգամ փոսալցվել են, սակայն համարյա ամեն օր տեղացող անձրեւը նորից նույն պատկերն է ստեղծում: «Համայնքի բյուջեով հնարավոր չէ լուծել այդ խնդիրը, հարկավոր է պետական աջակցություն»,-ասաց Մելանյա Վարդանյանը: Բնակիչները գիտակցում են, որ մարզում ավելի մեծ խնդիրներ ունեցող համայնքներ շատ կան, բայց իրենց աչքում սեփական խնդիրներն ավելի մեծ են երեւում: Իսկ վերջերս էլ գյուղի խնդիրներին ավելացել է եւս մեկը՝ փակվել է Բովաձորին մոտ գտնվող թռչնաբուծական ֆաբրիկան, որն աշխատանքով էր ապահովում գյուղի բնակչության մեծ մասին:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս