«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցներն են հանգստի սիրահար երգչուհի ԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ ու հանգիստը կարեւոր համարող դերասան ԱՐԱ ԴԵՂՏՐԻԿՅԱՆԸ: Նրանց համար պարտադիր են ամառային հանգիստն ու նոր տպավորությունները:
Այս տարի ԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ իր ընտանիքով որոշել է մեկնել Բուլղարիա:
-14 օրով ենք ուզում գնալ, հետեւում եմ առաջարկներին, հետաքրքիր ակցիաներ կան՝ Բուլղարիայի հետ կապված: Հավանաբար կմեկնենք օգոստոսին:
-Ամեն ամառ հանգստանո՞ւմ եք:
-Պարտադիր, ես ունեմ փոքրիկ բալիկ ու փորձում եմ հնարավորինս առողջ ապրելակերպ ապահովել նրա համար: Այսօրվա մեր աղտոտված մթնոլորտը հնարավոր է լիցքաթափել ծովափնյա հանգստով: Լիարժեք հանգստանալու համար ծովափ ենք մեկնում: Պատահում է նաեւ, որ հանգիստն ու աշխատանքը մեկտեղում եմ, ինչպես անցած տարի` համերգներով մեկնեցի ԱՄՆ, հետո էլ` Ավստրալիա: Բալիկս Ամերիկայում ինձ հետ էր, ստացվեց ե՛ւ համերգ, ե՛ւ հետաքրքիր հանգիստ, որից հետո վերադարձանք Հայաստան ու մեկնեցինք ծովափ: Չնայած Ամերիկայում էլ գնացինք օվկիանոս, բայց լիարժեք հանգիստն ամփոփեցինք Բաթումում:
-Նախoրո՞ք եք ծրագրում ամառվա հանգիստը:
-Ինչպես ասում են` իմ աշխատանքն անկտրել ձմերուկ է, երբեք չգիտես՝ երբ ինչ կլինի, այդ իսկ պատճառով էլ նախապես չեմ կարողանում պլանավորել հանգիստս, ամեն ինչ կախված է համերգային շրջագայություններից: Գումարն էլ նախօրոք հավաքում եմ, որովհետեւ հանգստի ու հաճելիի համար ես միշտ տնտեսում եմ:
-Ո՞րն է եղել ամենահիշվող արձակուրդը:
-Իմ բոլոր հանգիստներն էլ լիարժեք եւ ուրախ են անցնում, քանի որ ես ակտիվ հանգստի կողմնակից եմ: Նույնիսկ եթե մեկնում եմ ծովափնյա երկիր, ես միայն ծովով ու ավազով չեմ բավարարվում: Պետք է պարտադիր վայելեմ այդ երկրի տեսարժան վայրերը: Օրինակ` մի տարի մայրիկիս հետ մեկնեցինք Մալթա, ու բացի այն հետաքրքիր վայրերից, ուր մեզ տարան պտույտի, ես նաեւ սուզվեցի ծովի խորքն ու կես ժամ վայելեցի այդ հրաշքը: Մի տարի էլ մեկնեցինք Դուբայ՝ հանգստանալու, գնացինք Հնդկական օվկիանոս, ու ես օգտվեցի շատ հետաքրքիր մերսման արարողությունից:
-Հիշեցի, որ Սեւանում Ձեր անունով լողափ ունեիք, ի՞նչ եղավ դրա հետ:
-Հիմա էլ ունեմ, այն գործում է:
-Ի՞նչ կարեւոր իրեր եք վերցնում հանգստի մեկնելիս:
-Մի ժամանակ շատ բան էի վերցնում, բայց հետո հասկանում էի, որ դրա կարիքն այդքան էլ չկա: Եթե երեխան հետս է, իրեն անհրաժեշտ հագուստ, պարագաներ, մնացածն էլ ձեռք ենք բերում այդ երկրում: Ես սիրում եմ դրսից գնումներ անել:
Դերասան ԱՐԱ ԴԵՂՏՐԻԿՅԱՆԸ կնոջ հետ կմեկնի Ուկրաինա` դստեր մոտ:
-Որոշել էինք կնոջս հետ հանգստանալ ծովափնյա ինչ-որ քաղաքում, բայց քանի որ աղջկաս ամուսնացրել ենք, ու ինքը Կիեւում է եւ չի կարող հիմա գալ, մենք կնոջս հետ որոշեցինք ամառն անցկացնել մեր անուշիկ աղջկա հետ: Մանավանդ, որ երկուսս էլ Կիեւում չենք եղել: Ասում են՝ լավ տեղեր կան, մեր աղջկա կարոտն էլ կառնենք:
-Նախորդ տարիներին որտե՞ղ եք հանգստացել:
-Ծովափնյա քաղաքներում` մի տարի Իտալիայում, անցած տարի էլ Իսպանիա գնացինք, շատ լավ հանգիստ էր, եւ ասեմ՝ ավելի մատչելի, քան այստեղ կլիներ: Հայաստանյան հանգստյան տները թանկ են մեր գրպանի համար, չեմ հասկանում՝ ինչու է այդպես, որ մարդ իր երկրում չի կարողանում իր հանգստյան տներից օգտվել, վայելել:
-Որքա՞ն գումար եք նախատեսել հանգստի համար:
-Մենք երբեք չենք հաշվում, թե ինչքան ենք ծախսելու, հնարավորության սահմաններում, ինչքան պետք է, այնքան էլ ծախսում ենք: Չգիտեմ ինչ ճոխություններ թույլ չենք տալիս, բայց լիարժեք հանգստանում ենք:
-Ակտի՞վ, թե՞ պասիվ հանգիստ եք սիրում:
-Պասիվ, սիրում եմ ծովափում երկար մնալ: Միշտ գեղեցիկ փոքրիկ քաղաքներ ենք գնացել, երեկոյան էլ շրջել ենք:
-Ո՞րն էր Ձեր կյանքի ամենահիշվող հանգիստը:
-Ամենահիշարժանը, երբ մենք ամուսնացանք ու կնոջս` Կարինեի հետ գնացինք Պալանգա, այն ժամանակ դա Սովետական միությունն էր, եւ մենք 24 օր մեր մեղրամիսն անցկացրինք այնտեղ: Մինչեւ հիմա հիշում ենք մեր այդ օրերը: