ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 30-ին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն այցելել էր Էրեբունի հնավայր, որտեղ ավարտվել են հայ-ֆրանսիական հնագիտական խմբի իրականացրած պեղումների այս տարվա աշխատանքները։
Հիշեցնենք, որ 2008թ.-ից իրականացվող հայ-ֆրանսիական գիտատեխնիկական համագործակցության շրջանակում հուլիսի 2-ից Էրեբունի ամրոցի միջնաբերդում մեկնարկել էր 2013թ. պեղումների գործաշրջանը: Պեղումների արդյունքում բացվել է Խալդ աստծո տաճարին հանդիպակաց սյունազարդ պալատի պահպանված մասը, որը թվագրվում է Ք. ա. 7-րդ դարի երկրորդ կեսերից մինչեւ 6-րդ դարասկիզբ։ Էրեբունի ամրոցում 2013թ. պեղումների ձեռնարկողը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն է: Ֆրանսիական արշավախումբը ղեկավարում է Բրետանի հնագիտական ծառայության ղեկավար Ստեֆան Դեշամպը: Իսկ ահա հայկական կողմի աշխատանքներն այս տարի ղեկավարում է արգելոց-թանգարանի գիտահետազոտական աշխատանքների բաժնի վարիչ Աննա Ազիզյանը: Պեղումները տեւեցին մոտ մեկ ամիս: Արշավախմբի ֆրանսիական թիմի ղեկավար Ստեֆան Դեշամպը մասնավորապես ասաց, որ պեղումների այս փուլի շնորհիվ եկել են այն եզրակացության, որ Ուրարտուի կործանումից հետո մինչ Աքեմենյան տիրապետության ժամանակաշրջանն այս բերդաքաղաքում կյանքը շարունակվել է, բայց այդ ընթացքում քաղաքը, ամենայն հավանականությամբ, ուժեղ երկրաշարժից բավական տուժել է։
Իրականացված պեղումների, ինչպես նաեւ հետագա ծրագրերի մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի հետ: Նա մասնավորապես ասաց. «Լրատվամիջոցները, ինչպես նաեւ ոմանք, նշում են, որ ավարտվել են հայ-ֆրանսիական հնագիտական խմբի իրականացրած պեղումների 6-րդ փուլի աշխատանքները: Սակայն ավելի ճիշտ կլինի ասել՝ վեցերորդ տարվա աշխատանքները: Հիշեցնեմ, որ առաջին փուլի աշխատանքներն սկսվել են 2008թ. եւ ավարտվել 2011թ. վերջին: Փաստորեն, դրանք տեւել են չորս տարի: Երկրորդ փուլի աշխատանքներն սկսվել են 2012թ. ու տեւելու են մինչեւ 2015թ. ներառյալ: Այսինքն` երկրորդ փուլը կավարտվի 2015թ., իսկ հիմա ավարտվեցին վեցերորդ տարվա աշխատանքները: Իհարկե, չի բացառվում, որ աշնանը որոշ աշխատանքներ կարող են շարունակվել»:
Պարոն Գյուրջյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կներկայացնենք «Ժողովուրդ»-ի վաղվա համարում:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս