Դերասան, հումորիստ ու անչափ դրական մարդ Մարկ Սաղաթելյանն անժամանակ հեռացավ կյանքից: Երկու օր առաջ Մարկի մոտ շատ անսպասելի հայտնաբերվել էր սուր լեյկոզ եւ արյունազեղում գլխուղեղում: Շտապ հիվանդանոց տեղափոխված դերասանը, ցավոք, այդպես էլ դուրս չեկավ կոմայից: Հիշեցնենք, որ դեռ 1 տարի առաջ Մարկն ու պրոդյուսեր Գրիգոր Նազարյանն ավտովթարի էին ենթարկվել, ինչը մեծ հետք թողեց Մարկի առողջության վրա: Ամիսներ շարունակ դերասանը գամված էր անկողնուն եւ չէր կարողանում ինքնուրույն տեղաշարժվել: Ահա թե ինչ էր գրել Մարկն իր ֆեյսբուքյան էջում այն ժամանակ, երբ գամված էր անկողնուն. «Պետք է ամեն վայրկյան քո ապրած կյանքից հաճույք ստանաս, ժպտաս, լավ լինես, որովհետեւ վաղվա օրը կարող է չգալ: Ամենավատ բանը կյանքում անզորությունն է: Երբ ես սայլակում էի, ես ըմբռնեցի առողջ մարդկանց հայացքները, ովքեր խղճում էին քեզ: Անկողնում գտնվելու ժամանակ ես երեք երազանք ունեի, որ կարողանայի շրջվել մի կողմ, ինքնուրույն գնայի զուգարան եւ լոգանք ընդունեի…»:
Իսկ ահա այսօր Մարկի ընկերներն իրենց ֆեյսբուքյան էջերում գրում են ցավակցական խոսքեր, հիշում ու կարոտում իրենց ընկերոջը: Նազենի Հովհաննիսյանը գրել է. «Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով: Մեզ կարոտով թողեցիր, Մարկ Սաղաթելյան»: Ցավակցել է նաեւ Սիրուշոն՝ նշելով, որ Մարկը միշտ կմնա մեր հուշերում:
Երգչուհի Սիլվա Հակոբյանը հուզմունքից խոսքեր չի գտնում ասելու. «Հավատս չի գալիս: Լուսավոր ու տաղանդավոր մարդ, միայն ժպիտ էր պարգեւում մեր հայ ազգին, ցավում եմ շատ: Աստված հոգիդ լուսավորի, Մարկ ջան»: Երգիչ Մարտին Մկրտչյանը նույնպես հայտնել է իր ցավակցությունն ու հավելել, որ իրենց սիրելի ընկերը միշտ կմնա բոլորի սրտերում: Իրենց ցավակցությունն են հայտնել նաեւ երգչուհիներ Էմմին, Անի Քրիստին, հաղորդավար Արմեն Պետրոսյանը, դերասան Գրիգոր Դանիելյանը, DJ Սերժոն…
«Ժողովուրդ» օրաթերթը եւս ցավակցում է Մարկի հարազատներին:
Հայտնի հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այս ուրբաթ՝ օգոստոսի 2-ին: Իսկ հոգեհանգստի արարողությունը կանցկացվի այսօր Սբ. Հովհաննես եկեղեցում:
ՆԱ ՀԵՌԱՑԱՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ