Մեզ համար ամենամահաբերն ու վտանգավորն արդիական ռուսական զենքն է. Շիրակ Թորոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռագոզինը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշել էր, թե  համաձայն պայմանավորվածությունների` Ռուսատանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին:

ArmLur.am-ի հետ զրույցում այս առնչությամբ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն ասաց. «Եթե պետք է զենք  վաճառեն ու չհայտարարեն` դա ավելի վատ է, քան հայտարարեն: Այդ մասին Մեդվեդեւն էլ Հայաստանում եղած օրով հայտարարեց, որ եթե մենք չվաճառենք, ապա այդ զենքը կառնեն ուրիշներից: Մեզ չի բավարարում այս հիմնավորումները եւ գտնում ենք, որ Ռուսաստանը եւ Մինսկի խմբի մյուս համանախագահները միջազգային իրավունքի շրջանակներում եւ իրավունքի պարտադրանքով պետք է հասնեն Ադրբեջանի հետագա ռազմականացման կանխելուն,  ինչու չէ նաեւ ապառազմականացմանը: Հետո ի՞նչ, որ նավթ ծախելով փող է աշխատում: Պետք է այդ բոլոր զենք վաճառող պետությունները միահամուռ կերպով կոնֆլիկտի այդպիսի շիկացած տարածաշրջանում բացառեն զենքի վաճառքը եւ  բոլոր երկրներում կոչ անեն կամ ստիպեն, միջոցներ ձեռնարկեն, որպեսզի զենք չվաճառեն տարածաշրջանում»:

Պատգամավորի խոսքով` ապրիլյան մեկշաբաթյա պատերազմը ցույց տվեց, որ մեզ համար ամենամահաբերն ու վտանգավորը հենց արդիական ռուսական զենքն է, որ ամբողջ թափով օգտագործվեց ադրբեջանական զինուժի կողմից:  «Խնդիրն այն չէ, որ նրանք զենք վաճառեն Ադրբեջանին կամ չվաճառեն: Խնդիրն այն է, որ Ռուսաստանը` որպես մեր դաշնակից, գործընկեր, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պատասխանատուներից մեկը, ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահության  շրջանակներում պարտավոր է, ոչ միայն զենք չվաճառել, այլև ապահովել այդ խաղաղությունը»,- հավելեց նա:

Ըստ Թորոսյանի` եթե այս ամենը դիտարկում ենք որպես բիզնես-պրոեկտ` «ինձնից չառնեն ուրիշից կառնեն», պարզապես սոփեստություն է, որովեհետեւ դրանք չեն նպաստում խաղաղ կարգավորմանը,  ընդհակառակը` բերում են անմեղ զոհերի, ինչպիսին եղան հայ-քաղաքացիական բնակչության մեջ եւ զինուժի շրջանակներում, ինչու չէ նաեւ Ադրբեջանական զինուժի շրջանակներում: Եթե Ադրբեջանը չունենա գերակշիռ զենք, որը նրան լրացուցիչ համարձակություն կտա հարձակում կատարելու` կխնայվեն նաեւ անմեղ ադրբեջանցիների կյանքերը, որովհետեւ չի լինի պատերազմ չի լինի զոհ»,- եզրափակեց պատգամավորը:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս