Լեռնային Ղարաբաղը պիտի վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:
Նա ընդգծեց` համանախագահները բազմիցս ասել են, որ Լեռնային Ղարաբաղը պիտի վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: Նրա խոսքով՝ միջնորդները հիմք են ընդունում այն, որ պայմանագրին նախորդող շրջանակային համաձայնագրի կնքումը կարող է արագացնել գործընթացը։
«Մեզ մտահոգում են մարդու իրավունքների ոտնահարման ցանկացած փաստերը՝ տեսել ենք լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք տեղադրված են համացանցում: Մենք հանդիպել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկյացուցիչների հետ եւ ուղարկել ենք նրանց բոլոր տվյալները ճշտելու համար: Մենք այս հարցը բարձրացրել ենք մայրաքաղաքներում՝ այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է», – հավելեց նա: