Հակառակորդի կողմից գնդակոծված Մատաղիսն աստիճանաբար վերականգնվում է. տարհանված բնակչության մի մասը վերադարձել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Մատաղիս գյուղն ադրբեջանական զինուժի կողմից ռմբակոծության ենթարկվելուց հետո աստիճանաբար վերականգնվում է, տարհանված մարդկանցից ոմանք արդեն վերադարձել են գյուղ: Արցախում գտնվող «Արմենպրես»­-ի թղթակիցն այցելել է Մատաղիս գյուղ, հետևել է ընթացող վերականգնողական աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: Մատաղիսի միջնակարգ դպրոցի տնօրեն, այս պահին գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Աղաջանյանն «Արմենպրես»­ի հետ զրույցում նշեց, որ տարհանված բնակչության մի մասն արդեն վերադարձել է գյուղ: «Նույնիսկ կանայք են սկսել վերադառնալ:

Այս պահին արդեն 7­8 կին վերադարձել է: Մարդիկ կամաց-­կամաց վերադառնում են: Մտավախություն, իհարկե, ունենք, որ հակառակորդը նորից կսկսի ռմբակոծել գյուղը, բայց մեր հողն ու ջուրն է, մենք պետք է այստեղ լինենք»,­- նշեց նա: Գեղամ Աղաջանյանը, ով ժամանակավորապես ստանձնել է նաև գյուղապետի պարտականությունները, քանի որ Մատաղիսի գյուղապետը հակառակորդի կողմից գնդակոծության հետևանքով վիրավորվել է ու բուժվում է Ստեփանակերտում, պատմեց, որ ռմբակոծությունից հետո գյուղում էլեկտրանականություն չկար, սակայն արդեն երեք օր է, ինչ էլեկտրականությունը վերականգնվել է:

Հակառակորդի կողմից գնդակոծության հետևանքով վնասվել է նաև դպրոցի շենքը: Գեղամ Աղաջանյանը նկատեց, որ այս պահին դպրոցի շենքի վերականգման աշխատանքներն են սկսել՝ վստահեցնելով, որ շատ կարճ ժամանակահատվածում այդ աշխատանքները կավարտվեն:




Լրահոս