Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Գուսարի շրջանում ապրիլի 8-ին ծնողներին է վերադարձրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ադրբեջանական համակարտ զորքերի շփման գծում ոչնչացված 25-ամյա պայմանագրային զինծառաող Յալչըն Օսմանովի դիակը:
Նրա ազգական Նամիկ Օսմանովը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը պատմել է, որ զինվորի դիակը ծնողներին են բերել հրամանատարի հետ նրա ծառայակիցները: Շրջկենտրոնից ծնողներին հայտնել են, որ Յալչըն Օսմանովն ինքնասպանություն է գործել:
Երբ ծնողները բացել են դագաղը, ճակատին կրակոցի հետք են տեսել: Կանչել են նրա դիակը բերած զինծառայողներին, որոնք ասել են, որ չգիտեն, թե նա ինչ պայմաններում է սպանվել: «Որդիս անցյալ տարի կամավոր մեկնել է բանակ ծառայելու: Իրեն սպանելու պատճառ չկար: Մենք չենք հավատում, որ նա ինքնասպանություն է գործել: Իսկ ո՞վ է նրան սպանել: Եթե ճակատում է խփվել, ինչու նրան այստեղ չեն բերել որպես շեհիդի: Ծնողին էլ ասում են, թե դեռ չգիտեն ինչից է մահացել»,-դժգոհել է զինվորի հայրը:
Զինվորի հոր խոսքով` ժամանած զինվորները կամ ասում են` նա խփվել է պահակակետում, կամ ասում են` դիրքերում գնդակոծության ժամանակ: «Ասում են` զորամասի պահակակետում է եղել, թե ինչպես, չգիտեն: Երեխայիս մահվան մասին ոչ մի թուղթ կամ փաստաթուղթ չտվեցին…Ասացին, կտանք մահվան պատճառները հետազոտելուց հետո», -ասել է հայրը: Յալչինն ընտանիքի հետ վերջին անգամ հեռախոսով խոսել է ապրիլի 4-ին: Նա պատմել է, որ Թարթառում է, եւ մարտ է ընթանում: «Ասաց, որ էլի կզանգահարի: Ապրիլի 8-ին ցերեկով ժամը 5-ին նրա դիակը բերած զինվորներն ասել են, որ նա խփվել է ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը` դեռես անհայտ պայմաններում», -պատմել է հայրը:
«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ դեռեւս չի հաջողվել միջադեպի հետ կապված պարզաբանում ստանալ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից: