Ռազմական ակտիվ գործողությունների մեջ ներքաշված հասարակությունները դրանց մեկնարկի պահին մշտապես հայտնվում են շոկային տրամադրություններում, որոնք հաղթահարվում են օրերի կամ միայն շաբաթների ընթացքում: Հայաստանի նման իրավիճակում հաճախ է հայտնվում Իսրայելը, որ իր հիմնադրման օրից գտնվում է հակամարտության մեջ: Հիշենք, որ 8 տարի առաջ նույնպիսի մի իրադրություն էր նաեւ հարեւան Վրաստանում:
Նկատենք, որ եթե հայ-ադրբեջանական հակամարտությունը միայն ժամանակ առ ժամանակ է խստագույնս լարվում, ապա Իսրայելում նման ռազմական բախումները պետության հիմնադրությանը զուգահեռ կրում են մշտական բնույթ: Ի տարբերություն Հայաստանի, սակայն, 1948թ.-ից տոտալ թշնամություն է հաստատվել Իսրայելի ու շրջակա արաբական պետությունների միջեւ: Հենց նույն տարում էլ Արաբական երկրների լիգան ռազմական գործողություններ ձեռնարկեց Իսրայելի դեմ` սատար կանգնելով պաղեստինյան արաբներին: 2015թ. սեպտեմբերից հակամարտությունը համակվեց բռնությունների նոր ալիքով, որ մերթ ընդ մերթ սրվելով՝ շարունակվում է մինչ այս պահը: Խոշորամասշտաբ վերջին բախումները տեղի ունեցան 2014թ., որ պատմության մեջ մնացին «Իսրայել-Գազա պատերազմ» անունով: Վերջինիս արդյունքում սպանվեց 2220 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմը տվեց 66 զինվորականի եւ 5 քաղաքացիականի կորուստ:
Հակամարտության հենց այս փուլը դիտարկելով` նկատենք, որ Իսրայելի հասարակության մեծամասնությունը սատար կանգնեց իշխանությունների ռազմական ձեռնարկներին: Թեեւ Իսրայելի խորհրդարանի ընդդիմադիր որոշ պատգամավորներ քննադատում էին վարչապետ Նաթանյահուին, սակայն քաղաքական ներկապնակը պահպանեց իր համերաշխությունը կառավարության գործողությունների հետ: 7 շաբաթ տեւած ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում իսրայելական ԶԼՄ-ները եւս պահպանում էին կառավարամետ դիրքորոշումը: Ռազմական գործողությունների ընթացքում սոցիալական ցանցերում եւս ահաբեկիչներին պատժելու տրամադրություններն էին գերիշխում: Հատկանշական է, որ ռադիոհաղորդումներից մեկը, որ թվարկում էր պաղեստինյան անմեղ զոհերի անունները, կառավարության ուղղակի միջամտության արդյունքում դադարեցվել էր:
Նկատենք, որ հակամարտության 7 շաբաթների ընթացքում Իսրայելի հասարակությունը եւս համակված էր ռազմական տրամադրություններով: Ի տարբերություն Հայաստանի` այստեղ հակառակորդի ու հատկապես նրա անմեղ զոհերի հանդեպ կարեկցանքը բավականին բարձր մակարդակի վրա է: Իսրայելի Կնեսետի պատգամավորները, ԶԼՄ-ների ներկայացուցիչները եւ բազմաթիվ քաղաքացիներ հստակորեն դեմ էին արտահայտվում կառավարության գործողություններին:
Իսրայելի բազմաթիվ քաղաքներում ռազմական գործողությունները դատապարտող բողոքի ակցիաներ են ընթացել, որոնց արդյունքում ձերբակալվել են 700 բողոքավորներ: Հարկ է արձանագրել, որ ներհասարակական դժգոհությունը գերազանցապես պայմանավորված էր Իսրայելի կառավարության ագրեսիայով, եւ հազիվ թե նույն վերաբերմունքին ականատես կլինեինք, եթե Իսրայելն ինքը ենթարկվեր հարձակման: Ի դեպ, չի կարելի նաեւ անուշադրության մատնել այն հանգամանքը, որ իսրայելական հասարակությունն ակտիվ ռազմական գործողությունների ականատեսն է պետության ստեղծման պահից ի վեր, ուստի լիովին օրինաչափ է, որ ամբողջ հասարակության ուշադրությունը կենտրոնացած չի եղել ճակատի վրա:
Մեր անմիջական հարեւաններից Վրաստանն էլ ռազմական ագրեսիայի ենթարկվեց 2008թ. ամռանը: Շատերը կհիշեն, որ Վրաստանում եւս հասարակական լարվածությունը հասել էր գագաթնակետին, եւ ներվրացական մթնոլորտն էլ գերշիկացած էր ամբողջ 8 օրերի ընթացքում: Վրացական հասարակությունն ամենուր քննարկում էր երկրի ռազմա-քաղաքական իրավիճակը, ԶԼՄ-ներն էլ կենտրոնացել էին կռվի թեժ կենտրոններից տեղեկատվություն փոխանցելու վրա: Իսկ իշխանությունն էլ վերից վար ձեռնամուխ էր եղել պատերազմին:
Հետաքրքիր է, որ ռուս-վրացական պատերազմ սկսող Ռուսաստանում նույն տրամադրությունները չէին գերիշխում՝ գերազանցապես պայմանավորված Ռուսաստանի հարձակողական կարգավիճակով: Անշուշտ, ռուսական եթերը կրկին լի էր Վրաստանը սեւացնելով, բոլոր մեղքերի մեջ վրացիներին մեղադրելով, բայց անհնար է հավասարության նշան դնել այդ երկու հասարակությունների մոտ գերիշխող տրամադրությունների միջեւ: Կարող ենք վստահաբար պնդել, որ այսպիսի իրավիճակը խիստ բնորոշ է այն երկրներին, որոնք անակնկալի են գալիս ռազմական ագրեսիայից:
Արդ, Հայաստանում հնգօրյա պատերզամն իսկական շոկային վիճակ առաջացրեց: ԶԼՄ-ների, հասարակության, քաղաքական ուժերի, պետական մարմինների ամբողջ ուշադրությունն ուղղված էր ռազմաճակատին, ինչն առաջին հերթին բացատրելի է իրավիճակի աննախադեպությամբ: Չափազանցություն չթվա, սակայն վերջին օրերի ռազմական գործողությունների շարունակականության կամ մոտ ապագայում «փուլային» տարեբարակով կրկնման դեպքում իրավիճակն անխուսափելիորեն ընկալվելու է իբրեւ ստանդարտ ու օրինաչափ:
Վերջապես, եթե Իսրայելում հակամարտության 2014թ. սրումը տեւել էր 7 շաբաթ, եւ հարձակվող կողմն էլ հենց հրեաներն էին, ապա մեզ մոտ պատերազմի մեկնարկն ու ավարտը հապճեպորեն եղան: Հաշվի առնելով հայկական կողմի զոհերի աննախադեպ քանակը` կարող ենք փաստել, որ համատարած ուշադրությունը դեպի առաջնագիծ լիովին բնական էր: Իհարկե, իշխանություններն էլ, իրենց հեռուստաընկերություններով նվազ ներդրում չունեցան հասարակական տրամադրությունների գերլարման վրա, բայց նման պայմաններում հազիվ թե տրամաբանական այլընտրանք էր հնարավոր առաջարկել:
Հիշեցնենք, որ 1990-ականների սկզբի պատերազմը տեւել էր ավելի քան 4 տարի եւ, բնականաբար, պատերազմի վերջում արդեն հասարակության ուշադրությունը ռազմական գործողությունների վրա մարում էր: Բայց չէ՞ որ Արցախյան պատերազմի սկզբնական շրջանում նույն էյֆորիան էր տիրում, ինչի ականատեսը եղանք օրեր առաջ: Պարզապես այսօր հեռուստալիքների սփռվածությունն ու համացանցի առկայությունը պատկերն ավելի ցցուն են դարձնում: Միանշանակ է, որ բոլորին պարուրած սպասումի ու ամենօրյա աշխատանքով զբաղվելու անկարողությունը հաղթահարվելու էր շաբաթների, եթե ոչ օրերի ընթացքում ճիշտ այնպես, ինչպես 1990-ականներին:
Ն. Հովսեփյան