Շարունակվում է երկրապահ կամավորականների հոսքն առաջնագիծ. Այս մասին հայտնում են Երկրապահ կամավորական միությունից։
«Ապրիլի 1-2-ի ադրբեջանական սադրանքից հետո ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի հետ առաջնագիծ մեկնեցին հազարավոր երկրապահներ: Թեպետ միջազգային հանրությունը խաղաղարար ջանքեր է թափում, բայց նենգաբարո ադրբեջանցին չի կամենում խաղաղության կամ գոնե հրադադարի պայմանագիր ստորագրել:
Ադրբեջանական կողմը արցախա-ադրբեջանական սահմանագծին տեխնիկայի կուտակումներ է անում: Եվ բնականաբար, հայկական կողմն էլ, խաղաղություն ես ուզում` պատրաստ եղիր պատերազմին, սկզբունքով, պատրաստ է` և՛ զինտեխնիկայով, և՛ մարդուժով, և հատկապես քաջարի ոգով: Շարունակվում է կամավորականների ցուցակագրումը ԵԿՄ-ում: Շարունակվում է նաև երկրապահ կամավորականների հոսքն առաջնագիծ: Երկրապահների հերթական խումբն այսօր ուղևորվեց Արցախ»,-նշված է հաղորդագրությունում։