azatutyun.am-ը գրում է, որ ղարաբաղյան շփման գծում կրակի դադարեցման առաջարկությունը ներկայացրել է Ադրբեջանը: Այդ մասին հայտնեց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման եթերում:
«Ազատության» հարցին, թե իր կանխատեսմամբ՝ որքա՞ն կարող է այս վիճակը շարունակվել, և արդյո՞ք Մոսկվայում ձեռք բերված բանավոր համաձայնությունը կարող է տևական լինել, Հակոբյանը արձագանքեց․ – «Մենք պիտի փաստենք, որ հրադադարի առաջարկությունը ներկայացրել է Ադրբեջանը՝ դիմելով Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետին, ո՛չ հայկական կողմը: Եվ այս անգամ ևս մենք պիտի փաստենք, որ հայ զինվորը ևս մեկ անգամ պարտադրեց հակառակորդին հրադադարի»:
«Ինչքան կտևի այս իրավիճակը՝ կանխատեսել մի քիչ ավելի դժվար է, բայց այն, որ Պաշտպանության բանակը և հայկական Զինված ուժերը այսուհետ ևս պատրաստ են կանխելու հակառակորդի նման ոտնձգությունը, դա փաստ է: Կարծում եմ՝ հակառակորդը այս գործողություններից հետևություն կկատարի և եթե ևս մեկ անգամ փորձի նման ձևով լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, պատասխանը կլինի ավելի կոշտ և ավելի խիստ»,- շեշտեց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը:
Մանրամասները` այստեղ: