ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Ադրբեջան կատարելիք այցելությունը կարծես թե լուրջ հարցականի տակ է: Չնայած այն բանին, որ այս օրերին ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները բառացիորեն հեղեղված էին Պուտինի այցի շուրջ վերլուծություններով` դա ներկայացնելով որպես ադրբեջանական դիվանագիտության ձեռքբերում եւ այդ այցից լուրջ տնտեսաքաղաքական օգուտներ ակնկալելով, այդուհանդերձ նախանշված ժամկետը` օգոստոսի 12-13-ը, մոտենում է, սակայն Մոսկվայից Պուտինի այցի մասին պաշտոնական տեղեկատվություն չկա: Թեեւ Կրեմլի մամլո ծառայության ղեկավար Դմիտրի Պեսկովը օրերս նշել էր, որ Պուտինի այցը Բաքու կայանալու է, այդուհանդերձ, նա խուսափել էր հստակ ժամկետներ նշել: Իսկ ահա երեկ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում եւ` Turan.az կայքը, տեղեկատվություն տարածեցին, համաձայն որի՝ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ինքն է ժամանել Մոսկվա` մասնավոր եւ ըստ ամենայնի` գաղտնի այցով: Կայքն անգամ մանրամասնել է, որ Ալիեւը իջեւանել է Կրեմլի մոտ գտնվող Lotte Hotel հյուրանոցում եւ ոչ պաշտոնական հանդիպում ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Արդյոք այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, դժվար է ասել, համենայնդեպս, երեկ՝ ուշ գիշերվա դրությամբ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմը պաշտոնապես չէր հերքել Ալիեւի` Մոսկվա կատարած այցի մասին լուրը: Եվ եթե այդուհանդերձ Ալիեւն ինքն է այցելել Մոսկվա, այն էլ հանդիպել է ոչ թե Պուտինի, այլ Մեդվեդեւի հետ, ապա դա խոսում է այն մասին, որ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում վերջին շրջանի ջերմացումը կարող է թվացյալ լինել: Նկատեք, որ Պուտինի այցելության հետ կապված՝ երկրի ընդդիմադիր մամուլն ու փորձագետները միանգամայն հոռետեսական սպասելիքներ ունեին, բացի այդ, ընդդիմության միացյալ թեկնածու համարվող Ռուստամ Իբրահիմբեկովը հենց ռուսական քաղաքական նախագիծ է համարվում, որի նախընտրական կամպանիան պատրաստվում են ֆինանսավորել Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի միլիարդատերերը: Այնպես որ, Իլհամ Ալիեւը Ռուսաստանի իշխանությունների հետ, բացի Ղարաբաղի հարցից, նաեւ այլ կարեւոր հարցեր ունի քննարկելու: Ընդ որում, բավական հետաքրքիր է հենց Մեդվեդեւի հետ ոչ պաշտոնապես հանդիպելու մասին տեղեկատվությունը, քանի որ, ինչպես գիտենք, հենց Մեդվեդեւի նախագահության օրոք` 2011թ., ստորագրվեց ռուս-ադրբեջանական այն չարաբաստիկ պայմանագիրը, որի շրջանակներում էլ Ռուսաստանը Ադրբեջանին վաճառեց մեկ միլիարդի հարձակողական սպառազինություն: Ամեն դեպքում, Պուտինի այցի` նախանշած ժամկետին դեռ ժամանակ կա, եւ Ալիեւի այցը Մոսկվա դեռ չի նշանակում, որ Պուտինը չի գնա Բաքու: Սակայն եթե անգամ գնա էլ, ՀՀ իշխանական քարոզչամեքենան կկարողանա այս տեղեկատվությունը օգտագործել` ասելով, թե միայն ՀՀ նախագահին չէ, որ Պուտինը «կանչում է կոնսուլտացիաների» (հիշեցնենք, նա այդ արտահայտությունն արել էր Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում` 2007թ.):
ՊՈՒՏԻՆԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ