Որտե՞ղ է Ռոբերտ Քոչարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 9-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-­Պետրոսյանին: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր­Պետրոսյանինը: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր­-Պետրոսյանի տանը: Շուրջ մեկ ժամ տևած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա­-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը:

Այս իրադարձության ֆոնին հանրության մոտ տրամաբանական հարց է առաջանում` իսկ որտե՞ղ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը ևս, որ արդեն ավելի քան մեկ շաբաթ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածություն է:

ArmLur.am-ը ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից փորձեց պարզել` նախատեսվո՞ւմ է արդյոք Սարգսյան-Քոչարյան հանդիպում, առաջարկ եղե՞լ է, թե՞ ոչ: Ի պատասխան` Սողոմոնյանը նշեց. «Այս հարցով արդեն բազմաթիվ զանգեր եմ ստացել: Մինչև օրվա վերջ կփորձեմ արձագանքել»:

Մեր հարցին` ի վերջո, ի՞նչ դիրքորոշում ունի ստեղծված իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը, ո՞րն է ըստ նրա լուծումը, Սողոմոնյանը կրկին խոստացավ մինչև օրվա վերջ պատասխանել. «Ես կփոխանցեմ պարոն Քոչարյանին հարցերը»,- եզրափակեց ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավարը:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պաշտոնապես հայտնեց, թե Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է. «Այս օրերին նա կապի մեջ է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ու տիրապետում է շփման գծում տեղի ունեցող ռազմական գործողությունների և Ղարաբաղում ընդհանուր առմամբ առկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությանը: Նախագահ Քոչարյանը համարում է, որ ԼՂՀ իշխանությունները և Պաշտպանության բանակը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները ադրբեջանական ագրեսիային արժանի հակահարված տալու համար: Անհրաժեշտ է ուժերի և միջոցների ամբողջական կենտրոնացում և յուրաքանչյուր քաղաքացու պատրաստակամությունը կանգնել Արցախի պաշտպանությանը, ինչն այս ծանր օրերին ցուցաբերում են թե ԼՂՀ իշխանությունները, թե բնակչությունը»,- դեռևս ապրիլի 4-ին հայտնեց Վիկտոր Սողոմոնյանը:

 




Լրահոս