Նմանատիպ հանդիպումների ընթացքում հստակ գործողությունների ծրագիր պետք է մշակվի. Թևան Պողոսյանը՝ Սարգսյան-Տեր-Պետրոսյան հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին օրերի իրադարձություններին հաջորդեց ՀՀ նախկին և գործող նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումը:  Ապրիլի 9-ին Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ կայացած հանդիպման ընթացքում շուրջ մեկ ժամ քննարկվել են ներազգային համախմբման անհրաժեշտության, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումների վերաբերյալ հարցեր:

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հետ՝ փորձելով պարզել, թե ըստ նրա՝ ինչ կարող է ենթադրել այս հանդիպումը: Նրա կարծիքով՝ նման հանդիպումները պետք է հաճախակի լինեն և ծառայեն համակարգային փոփոխություններ իրականացնելուն:

«Այն ընդհանուր միասնությունը, որը տեղի ունեցավ ընդհանուր թշնամու դեմ, շատ դրական  իրավիճակ է ստեղծել, որպեսզի միասնականությունը միայն կախված չլինի այդ կրակոցներից, պատերազմական իրավիճակից: Միայն ուրախ կինեմ, եթե նմանատիպ հանդիպումները միտված լինեն համակարգային փոփոխություններ իրականացնելուն: Ունենք էներգիա, և պետք է դա գործողությունների վերածենք, համատեղ աշխատենք բոլոր մակարդակներում այս մի քանի օրերի ընթացքում ի հայտ եկած սխալները, բացթողումները շտկելու համար: Ուրախ կլինեմ նաև, որ այդ հանդիպումների ընթացքում մշակվեն ոչ միայն մեխանիզմներ, այլև հստակ գործողությունների ծրագիր: Միայն այդ դեպքում կունենանք արդյունք»:




Լրահոս