ԴԱՀԿ ՊԵՏԸ՝ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ «ՍՏԱՅԱՆՉԻ՞Կ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է՝ Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանի խոսքը նույն իշխանության ներսում գրոշի արժեք չունի: Բանն այն է, որ Երեւանի փողոցների կարմիր գծանշումներով առանձնացված վճարովի կայանատեղիներում օգոստոսի 1-ից սկսել է գործել տուգանքների համակարգը. այն վարորդները, որոնք չեն հասցրել հեռախոսային հաղորդագրության միջոցով համապատասխան հաղորդագրություն ուղարկել, տուգանվել են:
Եվ սա այն դեպքում, երբ նախորդ շաբաթ Տ. Մարգարյանը քաղաքապետարանում անցկացրած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, թե ինքը դիմում է Parking City կազմակերպությանը՝ խնդրելով տուգանքների կիրառումը հետաձգել մինչեւ սեպտեմբերի 1-ը, քանի որ վճարովի կայանատեղիների վերաբերյալ հանրային իրազեկումը լավ չի իրականացվել, բացի այդ, ամառ է, շատերը գտնվում են արձակուրդում եւ միգուցե չեն հասցրել իմանալ նոր կարգի մասին: Տ. Մարգարյանի այս հայտարարությունները նաեւ եթեր էին հեռարձակվել գրեթե բոլոր հեռուստաընկերություններով:
Ավելին, Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը երեկ «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ինքը նախօրեին հանդիպել է անձամբ քաղաքապետի հետ եւ հարցրել՝ կայանատեղիներում օգոստոսի 1-ից տուգանքները գործելու են, թե ոչ: Տ. Մարգարյանն էլ պատասխանել է. «Կարող եք վստահ լինել, որ չի կիրառվի»:
Այնինչ երեկվանից տեղի է ունենում ճիշտ հակառակը. ի հեճուկս Երեւանի քաղաքապետի վստահեցումների՝ Parking City ընկերությունը ոստիկանության միջոցով սկսել է տուգանել վարորդներին: Այլ կերպ ասած՝ «Երեւանի վերջին 20 տարվա ամենալավ քաղաքապետի» խնդրանքն այդպես էլ չի կատարվել: Արդյունքում՝ անհարմար վիճակում են հայտնվել վարորդները, որոնք երեկ դժգոհում էին տուգանքների «շքերթից»:
Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի՝ այս ընկերությունը պատկանում է ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանին: Համառ լուրեր են շրջում, որ ավտոկայանատեղիների հետ կատարվածը պատահական չէ. իշխանության ներսում որոշ ուժեր շարունակում են Տ. Մարգարյանի դեմ պայքարը, եւ նրա խնդրանք-դիմումը հաշվի չառնելը հենց այս շարքից է:
Հ.Գ. Երեկ, երբ մի շարք վարորդներ գնացել են ավտոկայանատեղիի համար նախատեսված մեկամսյա վճարը կատարելու, որպեսզի չտուգանվեն, ֆինանսական կազմակերպությունները պարզապես անտեղյակ են եղել, թե ինչ վճարի մասին է խոսքը եւ ինչպես, ում պետք է փոխանցել գումարը: Արդյունքում՝ մարդիկ չեն կարողացել վճարել, ինչը չի խանգարել, որպեսզի Parking City ընկերության կողմից տուգանքի ենթարկվեն: Ի դեպ, հատկանշական է այն, որ այս ընկերությունը գանձելու է «ստայանկաներից» ստացված հասույթի 70 տոկոսը, իսկ Երեւանի քաղաքային բյուջե մտնելու է ընդամենը 30 տոկոսը: Բայց, չնայած այս իրողությանն ու Երեւանի քաղաքապետարանի «ջղային» հորդորներին, թե ապօրինի 100 կամ 200 դրամ պահանջողներ այլեւս չեն լինելու մայրաքաղաքում, այնուամենայնիվ, նրանք կան եւ իրենց հերթին «քերթում» են վարորդների մաշկը:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս