Նախօրեին մահվան երկու դեպք գրանցվեց բանակում: Համաձայն պաշտոնական հաղորդագրության` մի դեպքում զինվորը հրազենային մահացու վիրավորում էր ստացել, իսկ մյուս դեպքում, ըստ նախնական վարկածի, զինվորն ինքնասպան էր եղել: Մինչ ՊՆ քննչականում քննություն է իրականացվում՝ պարզելու դեպքերի մանրամասները, մահացած զինվորների հարազատներն արդեն հստակ կարծիք ունեն, որ իրենց երեխաներն ունակ չէին ինքնասպանության:
Եվ այսպես, ըստ ԼՂՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրության` հուլիսի 30-ին ԼՂՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում, նախնական տվյալներով, հրազենային մահացու վիրավորում էր ստացել զինծառայող, 1993թ. ծնված Արման Մուրադյանը:
Թեեւ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, թե զինվորը հրազենային վնասվածքի արդյունքում է մահացել, սակայն զորամասից զինվորի հարազատներին միանգամայն այլ բան են ներկայացրել՝ ասելով, թե Արմանն ինքնասպան է եղել, ինչը առաջին հայացքից արդեն իսկ կասկածի տեղիք է տալիս:
Ինչպես արդեն ներկայացրել էինք, մահացած Արմանն ապրում էր Արագածոտնի մարզի Ցամքասար գյուղում: Ուներ մեկ եղբայր, որն այս տարվա նոյեմբերին պատրաստվում է մեկնել ծառայության հայոց բանակում:
Ցամքասարի ղեկավար Գոռ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ անձամբ մասնակցել է մահացած զինվորի դիահերձմանը եւ նրա մարմնի վրա որեւէ հետք չի նկատել: Սակայն Արմանի հարազատները չեն հավատում, որ տղան կարող էր ինքնասպան լինել:
Մեզ հետ զրույցում մահացած զինվորի հորաքրոջ որդին՝ Մեխակ Արսենյանը, ասաց, որ Արմանը դեպքից երկու ժամ առաջ խոսել է իր հոր հետ. «Հովսեփն ինձ պատմեց, որ Արմանը շատ ուրախ է եղել եւ հորն ասել է, թե «պա՛պ ջան , հեսա բանակս պրծնեմ, գամ, իրար թեւ ու թիկունք լինեք եւ մեր գյուղում մեզ տուն առնենք»: Բացի այդ, Արմանն իր հորից հեռախոսի համար հիշողության չիպ է խնդրել, որ ուղարկի Ռուսաստանից: Եվ այդ խոսակցությունից 2 ժամ անց ինձ կանչեցին մեր գյուղի զինկոմիսարիատ, ասացին, թե Արմանն ինքնասպան է եղել, ինչին ես չհավատացի»:
Ի՞նչը կարող էր 20-ամյա տղային դրդել ինքնասպանության, եթե նա, ի տարբերություն շատ զինվորների, մշտապես իր հարազատներին ասել է, թե գոհ է իր ծառայությունից:
«Նա արտակարգ իրավիճակների փրկարարական դպրոցում էր սովորում, ու մեկ տարի էր մնացել, որ բանակից գար ու ավարտեր: Շատ լավ սովորել է այնտեղ: Ախր Արմանին ծնված օրից գիտեմ: Աշխատող երեխա, շատ կենսուրախ: Նրանք այնքան վատ պայմաններում են ապրում: Որ գաք տեսնեք, թե ինչ տան մեջ են մնում, 30-ականների տուն է՝ պատերը փլված: Ստիպված հայրը գնացել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, որպեսզի օրվա հացի ապրուստը հոգա: Մի խոսքով, այս պահին անգամ չգիտենք, թե զինվորի դին ում տուն տանենք, այդքան անորոշ ու վատ վիճակ է»,-նկարագրեց հորաքրոջ որդին:
Մեխակի խոսքով` իրենք Արմանի հորը չեն ասել, որ տղան ինքնասպան է եղել. «Սպասում ենք՝ Ռուսաստանից գա ու ինքը տեսնի: Այդքան համարձակություն չունեցանք ասելու, քանի որ շատ անհավատալու բան է: Միայն ասացինք, թե Արմանն իբր պատահական կանգնել է ականի վրա, ու նրա վիճակը ծանր է, արի՛, հասի՛»:
Եթե Արման Մուրադյանի դեպքում հարազատները սպասում են նրա հոր վերադարձին, որ հասկանան իրենց հետագա անելիքները եւ կատարվածի մութ մասերը պարզեն, ապա մյուս զինվորի՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղած Մանուչար Մանուչարյանի դեպքում հարազատները մահվան որոշ հանգամանքներ են բացահայտել:
Մանուչարի բարեկամուհի Տաթեւը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ մահացած զինվորի հարազատներին զորամասից ասել են, թե Մանուչարի գրպանից այրված թուղթ են գտել, ինչն ապացույց է այն բանի, որ նա ինքնասպան է եղել կրոնական կազմակերպության ներկայացուցիչ լինելու համար. «Դա աբսուրդ է, նման բան չկա, մենք կապ չունենք այդպիսի կազմակերպությունների հետ, ու անգամ ծիծաղելի է, որ նման բան են ասում: Նրան մնացել էր մեկ տարի, որ ավարտեր իր ծառայությունը: Շատ գոհ էր ծառայությունից: Վանաձորում այս մեկ շաբաթվա մեջ արդեն 4-րդ դիակն են բերում: Ասում են՝ մեկը Դարպաս գյուղից է»:
Բարեկամուհու խոսքով` ընտանիքի ողջ հոգսն ընկած էր Մանուչարի եւ մյուս եղբոր ուսերին. «Նրանց հայրը բաժանված է ու այդքան էլ չի օգնում: Մանուչարը գիշերներն աշխատում էր, որ իր միակ քրոջն ու մայրիկին հաց տաներ: Փոքր տարիքից այդքան մեծ ցավ տեսնելով՝ այսպիսի վերջաբան ունեցավ»:
Տաթեւից տեղեկացանք, որ Մանուչարի եղբայրը երկու օր առաջ ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը. «Դուք կարող եք Վանաձորում բոլորից հետաքրքրվել, թե ինչ երեխա էր Մանուչարը, ու անհավանական է այն, ինչ մեզ ասում են: Այսօրվա բանակը բանակ չէ, այլ սպանդանոց: Կոտորում են: Որ թուրքը խփեր, կասեինք՝ թուրքն էր: Բայց ինչո՞ւ պիտի Երեւանի ներսում զինվոր մահանա, որը ո՛չ առողջական խնդիր ուներ ու ո՛չ կոնֆլիկտ եւ, բացի այդ, շատ գոհ էր իր ծառայությունից: Ինչո՞ւ պիտի այսպիսի դեպք լինի: Ես ամաչում եմ, որ ապրում եմ այսպիսի երկրում»:
Ըստ մեր զրուցակցի` իրենք պարզել են, որ Մանուչարի ծոծրակի վրա գնդակի 3 հետք կա. «Ասում են՝ իբր այն ավտոմատը, որով նա կրակել է իր վրա, միանգամից երեք փամփուշտ է կրակում: Ընդամենը այսպիսի խառը բաներ են ասում: Չգիտենք, ոչինչ չգիտենք»:
«Ժողովուրդ»-ը ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանից հետաքրքրվեց, թե զորամասից ինչ այրված թղթի մասին են հայտնել Մանուչարի հարազատներին, եւ արդյոք տղան իրականում ինչ-որ կրոնական կազմակերպության ներկայացուցիչ է եղել: «Ներկա պահին ոչինչ չեմ կարող ասել»,-ահա այսպիսի «սպառիչ» պատասխան տվեց Մ. Սարգսյանը:
Հավելենք, որ երկու զինվորների մահվան փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեք տարի ժամկետով):
ՄԵԿ ԱՄՍՈՒՄ ԲԱՆԱԿՈՒՄ 4 ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔ Է ԳՐԱՆՑՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ