Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է «ԱԶԱԴ Ֆարմասյութիքլ ԻնգրեդիենթսAG» ընկերության ներդրումային ծրագրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «ԱԶԱԴ Ֆարմասյութիքլ ԻնգրեդիենթսAG» ընկերություն՝ ծանոթացել վերջինիս գործունությանն ու առաջիկա ներդրումային ծրագրերին: Նշվել է, որ այդ ծրագրերը կյանքի են կոչվելու ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության դեղագործության և բիոտեխնոլոգիաների գործողությունների ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Ընկերությունն արդեն իսկ իրականացրել է ծրագրի առաջին փուլը, մասնավորապես, հիմնովին վերանորոգվել և կահավորվել են «Ազատության 26» հասցեում գտնվող 1-ին մասնաշենքի 3-րդ հարկի 5 լաբորատորիաները և օժանդակ տարածքները։ Գերմանիայից ներկրվել և տեղակայվել են համապատասխան լաբորատոր սարքավորումներ։ Ընդհանուր առմամբ, ընկերության կողմից արդեն իսկ կատարվել է շուրջ 3 մլն եվրոյի ներդրում։ Ներկայում ընկերությունում աշխատում են 30 քիմիկոս-հետազոտողներ՝ 250 հազար դրամ նվազագույն աշխատավարձով, իրականացվում են նոր դեղամիջոցների հումքի մշակման հետազոտության 5 ծրագրեր՝ ընդհանուր 2 մլն դոլարի չափով, որոնք առաջիկայում կտրամադրվեն պատվիրատուներին:

Տեղեկացվել է, որ համաձայն ներդրումային ծրագրով որդեգրած քաղաքականությանը՝ ընկերությունը նախատեսում է առաջիկա 3-5 տարիների ընթացքում կատարել շուրջ 10 մլն եվրոյի ներդրում, ընդլայնելով գիտական գործունեությունը, աշխատողների քանակը հասցնելով մինչև 100-ի։

Վարչապետ Աբրահամյանը ողջունել է ընկերության զարգացմանն ուղղված ծրագրերը և հայտնել կառավարության աջակցությունը դրանց իրականացման գործում:




Լրահոս