Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մինչև քննարկման մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել առաջնագծում զոհված հայորդիների հիշատակին:
Շփման գծում իրադրության սրումով պայմանավորված` նախորդ շաբաթ շարունակվել է վարչական շրջանների ակտիվ համագործակցությունը ԼՂՀ բնակավայրերի և քաղաքների գործընկերների հետ: Քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը զեկուցել է, որ նախորդ շաբաթ 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից պարենային աջակցություն, անհրաժեշտ գույք, ինչպես նաև շինանյութ է ուղարկվել ԼՂՀ գործընկեր քաղաքներին ու վարչակազմերին:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել ակտիվ կապ պահպանել ԼՂՀ կառավարության կողմից ստեղծված Օպերատիվ շտաբի, ինչպես նաև Արցախի գործընկեր շրջանների ու համայնքների հետ` անհրաժեշտության դեպքում լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ աշխատակազմի ներկայացուցիչներն ամենօրյա այցեր են կատարում Երևանի բժշկական հաստատություններում բուժօգնություն ստացող վիրավոր զինծառայողներին և ազատամարտիկներին: Այցեր են կատարվում նաև երևանաբնակ զինծառայողների ընտանիքներ, որի շրջանակում հստակեցվում են անհրաժեշտ աջակցության կարիքներն, ու ըստ այդմ ցուցաբերվում է համապատասխան աջակցությունը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ ուշադրության կենտրոնում պահել առաջնագծում զոհված զինծառայողների ընտանիքներին՝ ցուցաբերելով անհրաժեշտ օժանդակություն: