Ծանրորդ Աննա Գովելյանն առաջին տեղում է B ենթախմբում. Եվրոպայի առաջնություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորվեգական Ֆորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 53 կգ քաշային Աննա Գովելյանը B ենթախմբում երկամարտի 174 կգ արդյունքով զբաղեցրեց առաջին տեղը:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջին պայքարի մեջ մտավ 53 կգ քաշային Աննա Գովելյանը: Պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Գովելյանը բարձրացրեց 75 կգ: Այնուհետ նա կարողացավ բարձրացնել 78 կգ, սակայն 80 կգ կշռող ծանրաձողը գլխավերևում պահել չհաջողվեց:

Հրում վարժության առաջին մոտեցման ժամանակ հայ ծանրորդը բարձրացրեց 93 կգ, հետո մոտեցավ 96 կգ և բարձրացրեց այն: Գովելյանին չհաջողվեց գլխավերևում պահել 100 կգ-ը: Երկամարտի 174 կգ արդյունքով Գովելյանը գլխավորում է B ենթախումբը:

B ենթախմբում մրցում էին 9 ծանրորդներ՝ Իսրայելից, Ֆինլանդիայից, Լիտվայից, Ադրբեջանից, Իտալիայից, Նիդեռլանդներից, Նորվեգիայից:

A ենթախմբի ելույթները կսկսվեն տեղական ժամանակով 16:25-ին (Երևանի ժամանակով՝ 18:25-ին):

Ապրիլի 12-ին մեդալների համար տղաներից կմրցեն 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը և Ռոստամ Կարապետյան, երկուսն էլ A ենթախմբում, իսկ աղջիկներից՝ Իզաբելլա Յայլյանը (58 կգ):




Լրահոս