Օգոստոսի 3-ին մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 22-րդ՝ 2013-2014թթ. առաջնությունը, որն անցկացվելու է աշուն-գարուն ժամանակացույցով՝ եվրոպական օրացույցին հարմարվելու նպատակով:
Ի դեպ, նույն մրցակարգով Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններ անցկացվել են նաեւ 1995-1996 եւ 1996-1997 թվականներին: Դառնալով այս առաջնությանը` նշենք, որ մասնակից ութ թիմերն անցկացնելու են 14-ական տուրով չորս խաղաշրջան, երկուսը՝ այս տարի, երկուսը՝ 2014թ.: Կան նաեւ նորարարություններ. մասնավորապես, խաղերը կսպասարկեն վեց մրցավարներ, որոնցից երկուսը խաղերին հետեւելու են դարպասների հետեւից: Նշենք այն ութ թիմերի անունները, որոնք մասնակցելու են բարձրագույն խմբի առաջնությանը` Գյումրու «Շիրակ», Երեւանի «Միկա», Կապանի «Գանձասար», Երեւանի «Փյունիկ», Երեւանի «Ուլիս», Երեւանի «Արարատ», Երեւանի «Բանանց», Երեւանի «Ալաշկերտ»: Հիշեցնենք, որ Իջեւանի «Իմպուլս»-ը նախորդ առաջնությունից հետո հրաժարվեց մասնակցել այս առաջնությանը: Դե, իսկ առաջին խմբի, այսպես կոչված, առաջնությունում, բացի «Շենգավիթ»-ից, մյուս թիմերը բարձրագույն խմբում հանդես եկող ակումբների երկրորդ, նույնիսկ երրորդ թիմերն են:
Ամեն դեպքում, ֆուտբոլի Հայաստանի առաջնությունն այս կամ այն կերպ ավարտին կհասնի, հայտնի կդառնան չեմպիոնը, մրցանակակիրները, որոնք եվրոպական մրցաշարերում հաջողության չեն հասնի, մեր ֆուտբոլիստներից ոմանք գուցե կհայտնվեն որեւէ կարգին ակումբում… Բայց կա մի մարզաձեւ, որի առաջնությունը Հայաստանում չի անցկացվել ու դժվար թե երբեւէ անցկացվի: Փորձված մարզասերները երեւի անմիջապես հասկացան, որ այդ մարզաձեւը տափօղակով հոկեյն է: Չնայած նրանք կհիշեն նաեւ, թե ինչպես ոչ հեռավոր 2010թ. ապրիլին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց 3-րդ դիվիզիոնի տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էին Հայաստանի, Հյուսիսային Կորեայի, ՀԱՀ եւ Մոնղոլիայի հավաքականները: Մեր, այսպես կոչված, հավաքականը 3 հանդիպումներում հաղթանակ տարավ եւ պարտություն կրեց միայն եզրափակչում` հյուսիսկորեացիներից:
Եզրափակչից մեկ օր անց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց տափօղակով հոկեյի հավաքականին, շնորհավորեց հաջողության առթիվ, նոր ձեռքբերումներ մաղթեց, ապա հավելեց. «Ձեր շնորհիվ հոկեյը սիրելի դարձավ Հայաստանում: Ցավում եմ, որ արծաթե մեդալներ եք նվաճել, բայց ամենակարեւորը, որ դուք կամք ունեք եւ կարող եք շատ բանի հասնել»: Բայց այսօր ոչ ոք չի կարող ասել, թե որտեղ է այդ թիմը, ինչու հանդես չի գալիս որեւէ միջազգային մրցաշարում: Ասում էին, որ հավաքականը որակազրկվել է խաղացողների` քաղաքացիության հետ կապված պատճառներով, բայց մի՞թե այդ որակազրկման ժամկետը չավարտվեց: Իսկ հոկեյը հիշեցինք, քանի որ հայազգի հոկեյիստ Զաք Բոգոսյանը յոթ տարվա պայմանագիր է ստորագրել «Վինիպեգ Ջեթս» ակումբի հետ եւ կստանա 36 միլիոն դոլար:
Այնպես որ, հայերն էլ հոկեյ խաղալ գիտեն:
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ, ՀԱՅ ՀՈԿԵՅԻՍՏ…
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռ. ԹԱԹՈՅԱՆ