«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է դերասան ԳՆԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻ եւ «Շանթ» հեռուստաընկերության միջեւ ծագած «խնդրին»: Հիշեցնենք, որ «Շանթ»-ը հրաժարվում էր վճարել Գնելի աշխատավարձը` պատճառաբանելով, որ դրա մի մասը պահվել է, քանի որ նկարահանումների ընթացքում Գնելի մեղավորությամբ վնասվել է այդ պահին մայրուղու վրա գտնվող մի մեքենա: Դերասանն էլ, անարդար համարելով այդ որոշումը, նախ փորձել էր բարիդրացիական ճանապարհով լուծել հարցը, այսինքն՝ հեռուստաընկերության ղեկավարության հետ գալ համաձայնության, սակայն երբ վերջիններս չէին արձագանքել, Գնելը դիմել էր դատարան` պահանջելով իրեն հասանելիք 200,000 դրամը: Երեկ կրկին կապ հաստատեցինք դերասանի հետ` պարզելու, թե ինչ ընթացքի մեջ է դատական գործը: Նա հայտնեց, որ օրեր առաջ կողմերը համաձայնության են եկել:
-Մեր խնդիրները «Շանթ»-ի հետ հարթվեցին, դատարանը հետաձգեց դատը մինչեւ սեպտեմբեր, բայց մենք եկանք ընդհանուր հայտարարի, եւ իմ պահանջները բավարարվեցին: Օրենքով էլ նման բան կա, երբ կողմերն իրար հետ լեզու են գտնում, դատարանը էլ չի միջամտում: Ես ինչ պահանջում էի, կատարվեց, պետք է օրերս հարմարացնեմ, գնամ, դատարանից դիմումս հետ վերցնեմ:
-Իսկ Դուք ի՞նչ էիք պահանջում:
-Իմ գումարը, որն ինձնից անարդար ձեւով պահվել էր: Ամեն դեպքում, ես շատ բան նաեւ կորցրեցի: Ես նույնիսկ իրենց տվածից ավելին ծախսել եմ, ինքս փաստաբան եմ վարձել, հրաժարվեցի անվճար փաստաբանից: Հարցն այն էր, որ ես ուզում էի անպայման հաղթել՝ ապացուցելու համար, որ սովորական մարդը կարող է հասնել իր ուզածին ու պաշտպանել իր իրավունքները: Կորցրի նաեւ աշխատանքս, բայց դա ինձ այդքան էլ չի սարսափեցնում, քանի որ ես կանխեցի իմ իրավունքների ոտնահարումը: Իսկ նման երեւույթներ հիմա տիրում են Հայաստանում, ու ժողովուրդն իրեն չի պաշտպանում:
-Հիմա ոչ մի այլ տեղից աշխատանքի առաջարկ չունե՞ք:
-Ո՛չ, չունեմ, հիմա ամբողջովին ազատ եմ եւ օգտվելով այդ պարապությունից՝ ստեղծագործում եմ, կիսատ բաներ ունեի գրված, դրանք եմ ավարտում ու սպասում, որ ինձ մի տեղից հրավիրեն:
-Ի՞նչ եք կարծում, «Շանթ»-ի հետ այս կոնֆլիկտը հետք չի՞ թողնի Ձեր հետագա կարիերայի վրա, գուցե դրանից հետո շատ հեռուստաընկերություններ չցանկանան Ձեզ հրավիրել աշխատանքի` մտածելով, որ մի օր էլ իրենց դատի կտաք:
-Ինձ ճանաչողներն այդպիսի կարծիք չեն կազմի, որովհետեւ ես անտեղի չեմ գնացել այդ քայլին ու բնավ էլ կոնֆլիկտային մարդ չեմ: Մինչեւ դատարան գնալը համարյա մի ամիս իմ ինքնասիրությունը դրել էի մի կողմ ու ինքս էի խնդրում, որ չվիճենք, գեղեցիկ ձեւով լուծենք այս հարցը: Ես նույնիսկ ասում էի` բացատրե՛ք, թե ինչի համար եք պահում, եթե դուք եք ճիշտը, ես ինքս կվճարեմ: Հարցն այստեղ գումարի չափը չէ, այլ այն, որ տնօրինել էին իմ սեփականությունն առանց իմ թույլտվության: Տեսնելով, որ բարի ձեւով հարցը չի լուծվում, ես դիմեցի դատարան:
-Իսկ ինչպե՞ս եղավ, որ այդքան ժամանակ կոմպրոմիսի չգնալուց հետո հանկարծ որոշեցին երկխոսության գալ, ի՞նչ կատարվեց:
-Ինչ-որ բաներ կատարվել էին, բայց ես չեմ բարձրաձայնի` հազար ներողություն խնդրելով, որովհետեւ մենք ընդհանուր պայմանավորվածության եկանք, որ էլ չենք քննարկելու այս թեման լրատվամիջոցների հետ: Ես, իհարկե, պատրաստ եմ խոսքս պահել ու չեմ էլ մանրամասնում: Ուղղակի ես հենց սկզբից էլ որոշել էի մինչեւ վերջ գնալ, ու եթե իրենք հիմա չավարտեին այս պատմությունը, էլի քայլեր կային, որ ես գուցե ձեռնարկեի: Նրանք դրա մասին հստակ գիտակցում էին:
-Ձեր իրավունքների պաշտպանության համար դիմելով դատարան՝ չէի՞ք մտածում, որ Հայաստանում շատ հարցեր ծանոթ-բարեկամի միջոցով են լուծում:
-Դրա մասին ես նրանց ասել էի, որ անգամ չմտածեն, թե ունեն ծանոթներ, ես նույնպես բավական լուրջ ծանոթություն ունեմ, բայց չեմ սիրում դիմել որեւէ մեկին: Ասեմ, որ կային լուրջ մարդիկ, որ ինձ թեւ ու թիկունք եղան շատ-շատ հարցերում:
Գիտեք՝ ինչն է ցավալի, որ միայն մեր երկրում է, որ դերասանն ինքն է խնդրում, որ իրեն ընդունեն որեւէ հեռուստաընկերություն կամ թատրոն՝ աշխատանքի: Իսկ ես երբեք չեմ գնա ու չեմ ասի` ինձ գործի՛ ընդունեք:
-Ձեզ մոտ մի տեսակ հուսահատված վիճա՞կ է:
-Վերջին շրջանում անընդհատ մտածում եմ Հայաստանից գնալու մասին, ուղղակի ուզում եմ կենտրոնանալ, թե որ ուղղությամբ գնամ:
-Իսկ ուղղությունները շա՞տ են:
-Բարեկամներիս մի մասն ԱՄՆ-ում է, մյուս մասը՝ Ռուսաստանում, մի մասն էլ՝ Արեւմտյան Եվրոպայում, ու բոլորն ուզում են, որ իրենց մոտ գնամ:
«ՄՏԱԾՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԳՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ