Ինչի շուրջ են բանակցում Հայաստանն ու Ադրբեջանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օրեր առաջ Բաքվում հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանը առաջարկներ ունի և կողմերը մոտ են պայմանավորվածության:

«Մենք առաջարկներ ունենք, որոնք համանախագահների հետ համատեղ ձգտում ենք ավելի ակտիվորեն գործարկել՝ ի շահ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության ձեռքբերման: Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ուշադրություն հատկացնել այդ հարցերին», – նշել էր նա:

Երեկ ArmLur.am-ը փորձեց տարբեր օղակներից պարզել` բանակցությունների սեղանին ինչ առաջարկներ են դրված և ինչ առաջարկներ կան արված մեզ: ArmLur.am-ն Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց, թե այսպես կոչված Մադրիդյան սկզբունքներն արդյոք ԼՂՀ-ի համար ընդունելի է:

«Գիտեք տարբեր տիպի մոտեցումներ են քննարկվել եւ դեռես շատ ու շատ մոտեցումներ եւ տարբերակներ քննարկվելու են: Մենք պետք է սառնասրտորեն մոտենանք այդ ամենին, դա ընդամենը որոշ առաջարկներ են, դա չի կարող դիտարկվել վերջնական կարգավորման տարբերակ, առավելեւս , որ բանակցային գործընթացը ընթանում է ոչ լիարժեք ձեւաչափով: Արցախյան պետությունը չի մասնակցում որպես լիարժեք կողմ բանակցային գործընթացին, դա ակնհայտ է: Բացի դրանից Ադրբեջանը իր քաղաքականությամբ վնաս հասցրեց բանակցային գործընթացին եւ երեւի, թե հետ գցեց բանակցային գործընթացը եւ վերջնական կարգավորումը: Դրա համար ինչ մոտեցումներ էլ քննարկվեն նախեւառաջ պետք է նշենք, որ առանց Արցախի մասնակցության բոլոր փուլերին անհնարին է անցնել բանակցային այս համապարփակ կարգավորմանը , երկրորդը, որ չի կարող լինել վերադարձ անցյալին, կլինի դա տարածքների , թե կարգավիճակի առումով , սա հստակ է»,- պատասխանեց Բաբայանը:

Փորձեցինք բանակցությունների հիմնական վարող ՀՀ արտաքին գործերի նախարարությունից նույնպես պարզել` ինչ են բանակցում, այսինքն` ինչի հիման վրա են հիմա փորձում մեզ հրադադարի պայմանագիր ստորագրել տալ:

Ի պատասխան ArmLur.am-ի հարցին,  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշեց. «Կարծում եմ, որ ՌԴ ԱԳ նախարարն ի նկատի ունի 2011թ. Կազանում կողմերին ներկայացված փաստաթուղթը, որը Ադրբեջանը վերջին պահին մերժեց։ Դրա մասին հստակ իր 2015թ. արդյունքներին նվիրված ամփոփիչ ասուլիսում՝ ս.թ. հունվարի վերջին ասաց հենց ինքը Լավրովը»։

Թե հստակ ինչ առաջարկների մասին է խոսքը, այդպես էլ մինչև վերջ դժվար է ասել, այնուամենայնիվ փաստերը ցույց են տալիս, որ այժմ հենց Կազանում ներկայացված փաստաթղթի շուրջ են քննարկումները տեղի ունենում, բայց հարցն այն է, թե որքանով են դրանք մեզ համար ընդունելի: Նշենք, որ Կազանի փաստաթղթի «հեղինակը» ՌԴ ներկայիս վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է, ով այն ժամանակ ՌԴ նախագահն էր և հենց նրա հետ են հանդիպել ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները: Ընդգծենք, որ այս փաստաթուղթը գրեթե չի տարբերվում մադրիդյան սկզբունքներից, որոնց իր համաձայնությունն է տվել Հայաստանը՝ որպես բանակցության հիմք:

Արդեն 2009թ. հուլիսի 10-ին Աքվիլայում (Իտալիա) կայացած Մեծ ութնյակի գագաթնաժողովի ժամանակ արված ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահ-երկրների համատեղ հայտարարության հիման վրա Ադրբեջանին և Հայաստանին ներկայացվել էր 2007 թ.-ի նոյեմբերի 29-ի Մադրիդյան փաստաթղթի թարմացված տարբերակը, որը պարունակում է համանախագահների վերջին առաջարկությունները ղարաբաղյան հակամարտության հիմնական սկզբունքների ձևակերպման վերաբերյալ։

Մադրիդյան սկզբունքներն են`

1. ԼՂ-ի շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը։

2. Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով։

3. Հայաստանը ԼՂ-ին կապող միջանցք։

4. ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտության միջոցով։

5. Ներքին տեղահանված անձանց և փախստականների` իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու իրավունք։

6. Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն:

Հավելենք, որ պաշտոնական Արցախը ոչ մեկ անգամ ասել է` մադրիդյան սկզբունքներն իրենց համար անընդունելի են: «Իհարկե, Մադրիդյան սկզբունքները մեզ համար անընդունելի են: Եթե Արցախը բանակցող կողմ լինի, այս հարցի շուրջ քննարկումներ կիրականացնի, և երբ որ վերջում արդեն նման փաստաթուղթ պետք է ներկայացվի Արցախին, Արցախի բնակչությանը, իշխանությանը,  չեմ կարծում որևէ դրական արձագանք կարող է ստանալ», –  դեռևս 2014 թվականին ասել էր ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս