Հանցախմբի մասին ԱԱԾ ֆիլմին հաջորդեց Ադրբեջանի հարձակումը. կարևոր իրադարձությունները պատահական չեն լինում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետության մեջ տեղի ունեցող կարեւոր իրադարձությունները գրեթե պատահական չեն լինում: Ուստի տեղին է վերհիշել վերջին ութ ամիսներին Հայաստանում տեղի ունեցած մի քանի կարեւոր իրադարձություններ, որոնք առնվազն գոնե բացահայտ իրար հետ կապ չունեն: Բայց ապրիլի 2-5-ը տեղի ունեցած ղարաբաղա-ադրբեջանական կարճատեւ պատերազմի ֆոնին բոլորովին այլ երանգներ են ստանում: Իհարկե, ի սկզբանե դավադրություն տեսությունը բացառելով, այնուամենայնիվ, շարադրենք փաստերը:

Անցած տարվա նոյեմբերի 25-ին, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԱԾ-ն «հանցավոր» խումբ է վնասազերծել, եւ որ այդ խմբի անդամների կողմից Նորք-Մարաշում վարձակալած տանը մեծ քանակությամբ զենք է հայտնաբերվել, հանրության շրջանում հավատ չներշնչեց: Ավելին՝ ԱԱԾ-ն այս խմբի վնասազերծման հետ կապված տեղեկություններ տրամադրելու հարցում առավել քան բարեհամբույր էր: Հատուկ տեսագրություն տարածեցին, լրագրողներին թույլատրեցին ազատ նկարահանել տունը, որում ապրել էին խմբի անդամները եւ այսպես շարունակ: Այս ամենը Հայաստանի հանրության շրջանում ընկալվեց որպես շոու, թատերական ներկայացում: Մարդիկ վաղուց համոզվել են, որ որեւէ մեկին կալանավորելու հարցում ՀՀ իշխանություններին երբեւէ հանրության կարծիքը չի հուզել: Ուստի այն փաստը, որ ԱԱԾ-ն փորձում էր հանրությանն ինչ-որ բան համոզել, արդեն իսկ կասկածելի էր: Բայց չի բացառվում, որ ԱԱԾ-ի տեղեկատվական հոսքի հասցեատերը ոչ թե հայ հանրությունն էր, այլ մի երրորդ, Հայաստանից դուրս գտնվող կողմ:

«Հանցավոր» խմբի պատմության մեջ մի ուշագրավ հանգամանք էլ կա. այս գործով անցնող բոլոր հրապարակային գործիչները մի ընդհանրություն ունեն. նրանք երդվյալ ռուսամետներ են: Այս փաստն ի սկզբանե տարակուսանք էր առաջացնում: Ի վերջո, տարիներ շարունակ համոզմունք էր ձեւավորվել, որ ՀՀ ԱԱԾ-ն ընդամենը ՌԴ ազգային անվտանգության մարզային մասնաճյուղն է: Հետեւաբար ինչպես կարող էր այդ կառույցը հետապնդել այն մարդկանց, որոնց համար Հայաստանի շահը սկսվում է այնտեղ, որտեղ այն չի խանգարում ռուսականին…

Ըստ ԱԱԾ-ի հրապարակած տվյալների՝ «հանցավոր» խումբը իր գործողությունները ծրագրած է եղել իրականացնել դեկտեմբերի առաջին կեսին, մասնավորապես վարկածներից մեկով Սերժ Սարգսյանի ինքնաթիռը պետք է պայթեցնեին Ալիեւի հետ հանդիպման մեկնելիս, այդ հանդիպումը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին: Ու երբ այդ իրավիճակը դիտարկում ենք չորսօրյա պատերազմի պրիզմայով, հասկանում ենք, որ մինչ հայ հանրությունն ուշքի կգար, թշնամին կհասներ Ստեփանակերտ եւ իրենց փափագած Սարսանգի ջրամբար, որին տիրանալու համար մոտ 2 հազար զոհ տվեց Ադրբեջանը ու տապալվեց»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս