Ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմի դասերի եւ մեր հետագա անելիքների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ:
-Պարո՛ն Աղաբեկյան, թեեւ ապրիլի 5-ից շփման գծում վիճակը հարաբերականորեն կայունացել է, այդուամենայնիվ, ինչ պետք է անել այս հեղհեղուկ հրադադարը կայուն ռեժիմի վերածելու եւ խնդրի կարգավորումը բացառապես բանակցային դաշտ վերադարձնելու համար:
-Մենք տասնյակ տարիներ ականատեսն էինք բանակցությունների եւ այդ ամենից հետո մեկ էլ այնպիսի իրադարձություններ են տեղի ունենում, երբ մի պահ բոլորը մոռանում են բանակցությունները: Կոնկրետ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ոչ մի բանակցություն հիմք չի Արցախի ժողովրդի, Արցախի իշխանությունների համար, որպեսզի նրանք հստակ կողմնորոշվեն իրենց անելիքում: Այս առումով շարժվելով տեղի ունեցող իրադարձությունների վերլուծությամբ՝ այսօր Արցախը հաստատակամորեն շարունակում է նորից պնդել, որ այս ամենին իր այո-ն կամ ոչ-ը պետք է ասի Արցախի ժողովուրդը: Սա այն թիվ մեկ մոտեցումն է, որ մենք շարունակելու ենք բարձրաձայնել: Ոչ միայն եռանախագահները, այլեւ ՀՀ-ն եւ Ադրբեջանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ ամեն բանակցություն գնալու է փակուղի, եթե դրան իր արտահայտված մասնակցությունը չունենան Արցախի իշխանությունները Արցախի ժողովրդի անունից:
-Այսօր հանրության շրջանում տարաբնույթ կարծիքներ են տարածված: Մի մասը կողմ է պատերազմի միջոցով վերջնականապես խնդիրը լուծելուն, մյուս մասը, ընդհակառակը, կարծում է՝ անհրաժեշտ է գնալ փոխզիջումների` պատերազմից խուսափելու համար: Հնարավո՞ր է՝ տարածքներ զիջելով լուծել այս խնդիրը:
-Արցախում երբեք տարածքի պատերազմ չի եղել: Արցախը հիմա առաջնորդվում է Սահմանադրությամբ ամրագրված իր սահմաններով գործելու սկզբունքներով: Մենք գտնում ենք, որ ոչ մի փոփոխություն չի կարող տեղի ունենալ, քանի դեռ Ղարաբաղը չունի կարգավորման հստակ խնդիր, եթե չի տեսել մոտեցում, որը տանում է տարածաշրջանի խաղաղության: Մյուս կողմից ադրբեջանական ագրեսիան, որի ականատեսն էինք այս վերջին օրերին, շարունակական է լինելու, եւ ինչքան էլ խաղաղ բանակցություններ ընթանան, մենք գիտակցում ենք, որ հակառակորդը պատրաստվում է պատերազմի, եւ մեր բանակը պետք է պատրաստ լինի նոր մարտահրավերների: Ադրբեջանը օգտագործել է խաղաղ բանակցությունների ժամանակահատվածը, որպեսզի պատրաստվի ռազմական գործողությունների: Փառք Աստծո, մեր զինված ուժերը կարողացան զսպել հակառակորդին եւ հնարավորություն չտալ իր գլխավոր խնդիրը լուծելու: Այս քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանն օգտագործում է այնպիսի զինատեսակներ, որոնց դիմակայելու անհրաժեշտություն ունեն մեր զինված ուժերը: Մենք կոչ ենք անում մեր ժողովրդին, որ սատար լինենք, օգտակար լինենք բանակին, որպեսզի այն կարողանա այնպիսի զինատեսակներով սպառազինվել, որոնք համարժեք են եւ համապատասխան ադրբեջանական ագրեսիայի դիմակայման համար: Նոր օգտագործվող տեխնիկայի դեմ` նոր հակատեխնիկա պետք է կիրառել:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ