ԾՐԱԳՐԵՐ, ՈՐՈՆՑ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այն, որ Հայաստանն օր օրի դատարկվում է, տեսանելի է բոլորին, բացի երկրի բարձրագույն ղեկավարությունից: Անգամ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը խուսափում էր հրապարակել այս տարվա առաջին կիսամյակի վիճակագրական տվյալները: Միայն նախօրեին ԱՎԾ-ն ներկայացրեց առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանից արտագաղթած ՀՀ քաղաքացիների թիվը՝ 123 հազար 303: Իսկ 2012թ. նույն ժամանակահատվածում այդ թիվը շատ ավելի քիչ էր` 99 հազար 255՝ 24 հազար 48-ով պակաս: Երեկ “Ժողովուրդ”-ն այս առիթով մի քանի հարց է ուղղել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:
-Պարո՛ն Ասատրյան,  արտագաղթն օր օրի աճում է: Քանի որ ժողովուրդը երկիրը լքում է առավելապես սոցիալական պատճառներով, խնդրում եմ նշել, թե Դուք՝ որպես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, ի՞նչ կանխարգելիչ քայլեր եք իրականացնում: Ինչպե՞ս  եք պայքարում, որպեսզի հասարակության սոցիալական վիճակը բարելավվի, եւ արտագաղթի հոսքը վերջապես դադարի:
-Ուրեմն մենք ժամանակին` դեռեւս 2009թ., հաստատել ենք ժողովրդագրության հայեցակարգը, որտեղ անդրադարձ է կատարվում ժողովրդագրական բոլոր խնդիրներին, այդ թվում եւ` միգրացիային: Քանի որ ցանկացած երկարաժամկետ հայեցակարգի կամ ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքում անհրաժեշտություն է առաջանում վերանայել… այսպես ասեմ, նաեւ տարեկան ծրագրերով յուրաքանչյուր տարի նախատեսված են այն միջոցառումները, որոնք մենք իրականացրել ենք նաեւ Ձեր կողմից ներկայացրած խնդիրների կանոնակարգման նպատակով: 
-Բայց միայն այդ ծրագրերը…
-Ուրեմն մի բան նշեմ, որ դա կոմպլեքս խնդիր է, դա մեկ խնդիր չէ, որ դիտարկեք մեկ հարց: Եվ այս տարի արդեն, հաշվի առնելով նաեւ նախորդ տարվա մեր այս աշխատանքների փորձը, մենք փորձել ենք իրականացված ծրագրերի արդյունավետությունը, որակը գնահատել: Մենք փորձել ենք հասկանալ, թե ինչպիսի ազդեցություն են ունենում այդ ծրագրերը, արդյոք օգնում են այդ նպատակների ու խնդիրների լուծմանը: Դա նաեւ շատ ինստիտուցիոնալ գործընթաց է, որը մենք իրականացրել ենք, որպեսզի կարողանանք ռեալության մեջ գնահատել մեր կատարած աշխատանքները: Եվ ըստ անհրաժեշտության, եթե, օրինակ, մեզ պետք է 50 ծրագիր իրականացնել, ապա, օրինակ, 10-ն ենք իրականացրել, որն այս դեպքում ավելի թիրախային ու նպատակային է եղել: Հիմա կառավարության ծրագրով ամրագրված է նաեւ ազգային ծրագրի հաստատումը, եւ արդեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ պետք է նախապատրաստվել, որպեսզի ստեղծվի աշխատանքային խումբ՝ ներգրավելով նաեւ լավագույն փորձագետներին, նաեւ, ըստ համաձայնության, Ազգային ժողովի պատգամավորներին եւ կառավարությունից համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին: Որպեսզի ձեւավորենք ազգային ծրագիր առաջիկա 5 տարվա համար եւ ապահովենք դրա իրականացումը: Նորից եմ ասում` դա  միջոցառումների համալիր ծրագիր է:
-Արտագաղթի կանխմանը նպաստող ծրագրի իրականացումը Դուք ինչպե՞ս եք պատկերացնում:
-Շատ պարզ է, իսկ երբ արդեն ծրագիրը նախապատրաստենք, այդ ժամանակ Ձեզ ավելի կոնկրետ կներկայացնենք:
-Կառավարության այսօրվա (երեկվա-Ս. Գ.) նիստում Տիգրան Սարգսյանը բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց իրենց ոլորտներում տնտեսական աճի վերլուծություն իրականացնել եւ ներկայացնել կառավարության հաջորդ նիստին: Դուք Ձեր գերատեսչությունում տնտեսական աճ տեսնո՞ւմ եք: Խնդրում եմ կոնկրետ նշել, թե հատկապես որ ոլորտում:
-Իհարկե կա, օրինակ՝ ցանկացած ոլորտում, որտեղ արդյունք է ստեղծվում, դա նպաստում է տնտեսական աճին: Իսկ Դուք պետք է իմանաք, որ սոցիալական պաշտպանության ոլորտում արդյունք է ստեղծվում, ու մենք անպայման կներկայացնենք այդ աճը:
-Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է, թե ամեն ինչ արվում է՝ հասարակության շահերից ելնելով, սակայն մինչեւ այսօր թոշակառուները թոշակ ստանալիս կանգնում են փաստի առաջ. նրանց կենսաթոշակները  ժամանակին չեն տրվում, բացի այդ, խնդիրներ են առաջանում՝ կապված ցուցակային անճշտությունների հետ, հաճախ թոշակառուների անուններն այդ ցուցակներում բացակայում են…
-Օգոստոսին թոշակների վճարման հարցում խնդիրներ չեն առաջանա: Նախորդ ամիսներին ծագած խնդիրները, երբ մի քանի հարյուր թոշակառուներ դուրս էին մնացել տեղեկատվական ցանկերից, չեն կրկնվի, քանի որ տեղեկատվական բազաների ճշտումն ավարտվել է: 
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 591 համար




Լրահոս