Վաղն Ազատության հրապարակից դեպի Ռուսաստանի դեսպանատուն կիրականացվի բողոքի երթ:
«Ապրիլի 2-ի լույս գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով Արցախը դիմակայեց ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի՝ ցավոք, 65 զոհված, 121 վիրավորված, ինչպես նաև՝ անհայտ կորած հայրենիքի խիզախ պաշտպանների, սպանված քաղաքացիների կյանքի ու արյան գնով: 1994 թվականին ստորագրված հրադադարի համաձայնագրից հետո դրանք ամենախոշոր ռազմական գործողություններն էին, որոնց ընթացքում հակառակորդի զինուժը մեր դեմ կիրառեց վերջին տարիներին Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված զինտեխնիկայի ողջ ընտրանին:
Շուրջ երկու տասնամյակ Հայաստանի և Արցախի հասարակության մեջ կեղծ պատրանք է ձևավորվել, որ ի դեմս Ռուսաստանի՝ Հայաստանն ունի հզոր դաշնակից, որը մեր անվտանգության երաշխավորն է: Ուղղահայց և հորիզոնական իրականացված այս մահաբեր հռետորաբանությունը իրականացվել է` օգտագործելով քարոզչական բոլոր միջոցները:
Մինչդեռ, ի հակառակ այդօրինակ հավաստիացումների, տարիներ շարունակ Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է շուրջ 5 մլրդ ԱՄՆ դոլլարի ռազմամթերք, այդ թվում՝ զանգվածային ոչնչացման զենքեր` կասետային մարտագլխիկներով «Սմերչ» համազարկային կրակի համակարգեր և ТОС-1А «Սոլնցեպյոկ» ծանր հրանետներ:
Ռուսաստանի այն արդարացումը, որ եթե իրենք չվաճառեին, ապա Ադրբեջանը զենքը կգներ այլ երկրներից, իրականում ստոր սուտ և կատարված հանցագործության համար պատասխանատվությունից խուսափելու փորձ է, քանի որ համարժեք զենքեր արտադրող մյուս երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա և այլն) հրաժարվել են Ադրբեջանին սպառազինելուց:
Ռուսաստանի կողմից հակահայկականության դրսևորում էին վերջին օրերի դիվանագիտական զարգացումները, որոնց գագաթակետը Բաքվում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից մեր դեմ սանձազերծված ռազմական ոտնձգությունների ժամանակ սպանված ասկյարների հուշահամալիր-պանթեոնում ծաղկեպսակի տեղադրումն էր, ինչպես նաև՝ ՌԴ վարչապետի ու փոխվարչապետի հայտարարությունները Ադրբեջանին սպառազինության վաճառքը շարունակելու մասին:
Ավելին՝ անցած տարիներին Ռուսաստանն իր վերնոշյալ և այլ քայլերով թուլացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ տարածաշրջանում փխրուն խաղաղությունը կառավարելու և նոր պատերազմները կանխելու դերակատարումը:
Կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին` մասնակցել ապրիլի 13-ի բողոքի երթին, որը ժամը 18:30-ին մեկնարկվելու է Ազատության հրապարակից և եզրափակվելու է ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի մասնակիցների անունից հայտարարության հրապարակումով, որով Ռուսաստանից պահանջելու ենք.
կատարել de jure ռազմաքաղաքական դաշնակցի իր պարտականությունները, որը նա ոչ միայն չի կատարել, այլև հատկապես վերջին տարիներին խախտել է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնացող վերոնշյալ հանցավոր արարքների,
իր հետագա որոշումներում հարգել de jure դաշնակցի՝ Հայաստանի անվտանգության եւ ազգային շահերը, եւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դադարեցնել տարածաշրջանի ապակայունացման քայլերը,
անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին, հակառակ պարագայում Հայաստանի հասարակությունը մի վերջին անգամ կամրագրի, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ, և Հայաստանն իր հերթին կաշկանդված չի լինի նրա հանդեպ դաշնակցային պարտավորություններով»: