Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտում մեծածավալ աշխատանքներ են իրականացվում, առաջիկայում հնարավոր կլինի ոլորտում մի քանի լուրջ նախաձեռնությունների ականատեսը լինել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 12ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: «Միանշանակ է, որ մենք ռազմարդյունաբերական համալիր պետք է ունենանք, առանց որի հնարավոր չէ ապահովել բարձր պաշտպանունակություն: Սա այն հատման կետն է, որտեղ տնտեսությունն ու անվտանգությունն ապահովում են միացյալ համակարգ ու ձևավորում պաշտպանության հզորացումը: Դա վերաբերում է արդյունաբերության հիմնական ուղղություններին` սկսած սարքաշինությունից, բարձր տեխնոլոգիաներից` ավարտած ռազմական արդյունաբերության մեջ մեր ամբողջ ճարտարագիտական ներուժի ներդրմանը», ասաց նախարարը:
Ապրիլի 7-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հայտարարել է ՏՀՏ համայնքի մասնագիտական ներուժը միավորելու և հայկական բանակի մարտունակությունը բարձրացնելու նպատակով երկու նախաձեռնությունների մասին: Ստեղծվել է հատուկ հաշվեհամար, որին փոխանցված գումարը կհատկացվի Հայոց բանակի մարտունակությանն ուղղված կարևորագույն խնդիրների լուծմանը: Բացի այդ` միությունը նախաձեռնել է ՏՀՏ ոլորտի մոբիլիզացիոն ենթակառուցվածքի ներդրման ծրագիր, որի շրջանակներում արդեն հավաքագրվում է ՏՏ ընկերությունների մարդկային և տեխնիկական ռեսուրսների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն: ՏՀՏ ոլորտն ամբողջությամբ պատրաստակամ է իր մասնակցությունն ունենալու հայկական բանակի մարտունակության բարձրացմանը, Արցախյան ազատամարտին աջակցությանը, պատերազմի հետևանքների վերացմանը: