Համաձայնեցված մադրիդյան 6 սկզբունքները որքանո՞վ են ձեռնտու Հայաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի շուրջ քննարկվելիք փաստաթուղթը վաղուց հայտնի է եւ կոչվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված եւ կողմերի միջեւ մեծ մասամբ համաձայնեցված ծրագիր: Ո՞րն է այն:

«Ժողովուրդ»-ը ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանին խնդրեց հայտնել «մադրիդյան սկզբունքներ» ասվածը: Ի պատասխան՝ փոխանցեց 10.07.2009 թվականին Լաքվիլայում ընդունած Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հարցով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի համատեղ հայտարարությունը:

«Մենք՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահներս, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, մեր պարտավորությունն ենք հաստատում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարություններին աջակցության ցուցաբերման հարցում՝ ի լրում ԼՂ կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ վերջիններիս կողմից համաձայնեցված սկզբունքների: Մենք հանձնարարում ենք մեր միջնորդներին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին ներկայացնել 2007թ. նոյեմբերի 29-ին Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը, որը ներառում է հիմնական սկզբունքների ձեւակերպման հարցով համանախագահների վերջին առաջարկները: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին վերացնել տարաձայնություններն ու ավարտել համապարփակ կարգավորման ծրագրի հիմնական սկզբունքների շուրջ համաձայնությունը»:

Փաստաթղթի 6 սկզբունքները թվարկված են՝

– Ադրբեջանի վերահսկողության ներքո Լեռնային Ղարաբաղի տարածքների վերադարձ:

– Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի շնորհում, անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքների ապահովում:

– Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ միջանցքի բացում:

– Իրավաբանորեն պարտադիր կամարտահայտության հիմքով Լեռնային Ղարաբաղին վերջնական իրավական կարգավիճակի շնորհում:

– Ներքին տեղահանված անձանց եւ փախստականներին իրենց նախկին բնակավայրերը վերադառնալու իրավունքի ապահովում:

– Անվտանգության, այդ թվում նաեւ խաղաղապահ օպերացիաների միջազգային երաշխիքներ:

Որքանո՞վ է սա ձեռնտու Հայաստանին: Այս հարցի պատասխանը ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը առաջիկայում պարբերաբար կներկայացնի հասարակության ամենատարբեր ներկայացուցիչների կարծիքները:

Արփինե Թովմասյան




Լրահոս