«Ադամը մինչև վերջ պայքարել է թշնամու դեմ ու զոհվել հերոսի մահով». տեղի ունեցավ հոգեհանգստի արարողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ղարաբաղա­ ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների հետևանքով հերոսաբար զոհված զինծառայող Ադամ Սահակյանի հոգեհանգստի արարողությունը:

Ադամի դասվար Աննա Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ադամն իր լավագույն աշակերտներից մեկն է եղել: «Շատ լավ երեխա էր, դաստիարակված, զուսպ: Շատ ափսոս, որ այսօր նա այլևս մեզ հետ չէ: Նա դեռ պետք է վայելեր այս կյանքը»,-նշեց նա:

Զոհված զինվորի  հարևանուհին՝ Թելիկ Հարությունյանը, ընդգծեց, որ Ադամը մեծացել է իր աչքերի առաջ: «Երկու եղբայր էին: Շատ դաստիարակված երեխա էր, երբեք որևէ մեկին չի նեղացրել, միշտ օգնել է մեծին, հարգել: Նրանց ծնողները նույնպես շատ լավ, մակարդակով մարդիկ են»,- հայտնեց հարևանուհին և հավելեց. «Նա երբեք ծառայությունից չի դժգոհել: Հեռախոսով էլ անընդհատ ծնողների հետ կապի մեջ է եղել: Վերջին անգամ ապրիլի 1­-ին մոր հետ է խոսել, հայտնել է, որ դիրքեր է բարձրանում: Ինձ նաև ասել են, որ նա մինչև վերջ պայքարել է թշնամու դեմ ու զոհվել հերոսի մահով»,­- եզրափակեց Թելիկ Հարությունյանը:

Հավելենք, որ հոգեհանգստին ներկա էին մեծ թվով զինվորականներ, պատգամավորներ, Ադամի ընկերները և ուղղակի քաղաքացիներ, ովքեր եկել էին հերոս զինվորին վերջին հրաժեշտը տալու:




Լրահոս