Լեռնային Ղարաբաղի խնդրով թեժ բանավեճեր են եղել France 24-ի եթերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի խնդրով թեժ բանավեճեր են կայացել ֆրանսիական France 24 հեռուստաալիքի եթերում։

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբաեւի ագրեսիվ հարձակումներին պատասխանել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ Ֆրանկ Փափազյանը։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈւ շփման գծում հրադադարի ռեժիմը 10 օր առաջ չի խախտվել։ Ադրբեջանը մշտապես խախտել է այն՝ սկսած 1994-ին ստորագրած հրադադարի պահից, եւ այսօր Ադրբեջանը հրաժարվում է սահմանին էլեկտրոնային հսկողություն սահմանել, ինչպես առաջարկում է ԵԱՀԿ-ն։

«Ինչ վերաբերում է պատմությանը, Լեռնային Ղարաբաղը պատմականորեն հայկական տարածք է։ 1923-ին Ղարաբաղը Ադրբեջանին էր հանձնել 20-րդ դարի արյունարբու բռնապետ Ստալինը։ 1923-ից հայերն ապրում էին սեգրեգացիայի վիճակում, եւ 1988-ին ղարաբաղցիներն օգտվեցին ինքնորոշման իրենց իրավունքից, ինչին Բաքուն պատասխանեց Բաքվի, Սումգայիթի Կիրովաբադի եւ Շուշիի ջարդերով»,- հիշեցրել է նա։

Պատասխանելով երկրների տարածքային ամբողջականության մասին դեսպանի հարցին՝ Ֆրանսիայի հայերի ներկայացուցիչը նշել է, որ միջազգային հանրությունը նաեւ ճանաչում է ազգերի ինքնորոշման իրավունքը։

«Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային կազմակերպությունների վերահսկողությամբ ինքնորոշման կոնտեքստում։ 1988-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց, որում հաղթողը Հայաստանը դուրս եկավ։

Ղարաբաղն ինքնորոշվեց, Մինսկի խումբը մշտապես Ադրբեջանին առաջարկել է լուծման այդ տարբերակը, որից Ադրբեջանը հրաժարվել է»,- ասել է Փափազյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը ծաղրանկար է, որին մեղադրում է ողջ քաղաքակիրթ աշխարհը եւ համաշխարհային կազմակերպությունները, եւ այն որ Ադրբեջանում գործում է Ալիեւի ռեժիմը, որը մշտապես պատերազմի կոչեր է անում։ «Ղարաբաղը երբեք չի վերադարձվի Ադրբեջանին»,- ասել է Փափազյանը։

Վիճաբանության ընթացքում իր դիրքորոշումն է հայտնել նաեւ ֆրանսիացի հաղորդավարուհին։ «Աշխարհը տեսնում է, որ այն, ինչ պատահեց Ղարաբաղում, Ալիեւի օգտին էր, որը փորձում էր լուծել իր ներքին տնտեսական խնդիրները՝ շահարկելով ազգային խաղաքարտը»,- ասել է նա՝ անդրադառնալով վերջին օրերի էսկալացիային։




Լրահոս