«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչեւ երեկ բոլորը կարծում էին, որ ՀՀ իշխանություններն իրենց մեջ համարձակություն կունենան գեթ մեկ անգամ Հայաստանի պատիվը պահել եւ գլուխ չխոնարհել հյուսիսային դաշնակիցների առաջ: Բանն այն է, որ երբ Ղազախստանի առաջարկով Երեւանում նախատեսված ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երեւանից Մոսկվա տեղափոխվեց, գրեթե վստահություն կար, որ ՀՀ իշխանություններն առնվազն ձեռնպահ կմնան այդ միջոցառմանը ամենաբարձր մակարդակով մասնակցելուց: Ի վերջո, ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երեւանից տեղափոխվել էր Ադրբեջանին չնեղացնելու պաշտոնական պատճառաբանությամբ:
Սակայն երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այնուամենայնիվ, մեկնել է Մոսկվա` ակամա ընդունելով Ադրբեջանին չնեղացնելու մասին հնչած մտահոգությունը: Մինչ այդ առավել իրատեսական էր համարվում այն տարբերակը, որ Մոսկվա կմեկնի ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
Ի դեպ, նկատենք, որ այսօր լրանում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման երկու տարին: Ու թեեւ նրան ապրիլի 7-ին Դմիտրի Մեդվեւդեւը հրապարակավ հրավիրեց Մոսկվա, այնուամենայնիվ, թերեւս միակ պաշտոնական այցն է, որը բացասաբար ընդունվեց երկրի ներսում` որպես անսկզբունքայնության դրսեւորում:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ արդյոք Հովիկ Աբրահամյանը սեփական նախաձեռնությամբ է վճռել Մոսկվա գնալ, թե Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ է գործել, սակայն երեկվա դրությամբ կառավարությունից մեր հարցմանը չպատասխանեցին»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: