Երեկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Մեր նորագույն պատմության այս 23 տարիների ընթացքում երբեք Հայաստանը օրվա իշխանությունների կողմից այսքան ջախջախված, նվաստացած, որբացած ու անհեռանկար չի եղել, ինչպես այսօր է»: Ինչ խոսք, մեր երկրի ներկայիս վիճակին «Ժառանգության» փոխնախագահը միանգամայն ճշգրիտ բնութագիր է տվել, միայն ափսոս, մոռացել է իշխանության կողքին նշել նաեւ ընդդիմությանը, իսկ ավելի կոնկրետ` «Ժառանգություն» կուսակցությանը: Իսկ ինչո՞ւ հենց «Ժառանգությանը», որովհետեւ հենց այս կուսակցության եւ դրա առաջնորդի ջանքերով է նաեւ, որ մեր երկիրը վերջին նախագահական ընտրություններից հետո հայտնվեց նման ողբալի վիճակում: «Երբեք մեր անկախ պետականությունը այս աստիճան բազմաշերտ վասալային կախվածությամբ վախեցած ու կռացած, քաղցած ու մուրացիկ, արտագաղթված ու ճամպրուկները կապած չի եղել, ինչպես այսօր է»,-շարունակում է Հակոբյանը` դարձյալ մոռանալով հիշատակել, որ հենց «Ժառանգության» առաջնորդի անհասկանալի, հուսահատեցնող պահվածքի արդյունքում շատ-շատերը թե՛ մայրաքաղաքում եւ թե՛ մարզերում կապեցին իրենց ճամպրուկները ու հեռացան Հայաստանից: «Չեմ հիշում, որ երբեւէ մենք` հայրենի ընդդիմությունդ, այս աստիճան բզկտված ու միմյանց նկատմամբ չարացած, կամա թե ակամա օրվա իշխանությունների քաղաքական ազդեցության գործակալները դարձած լինեինք, ինչպես այսօր է»: Ա՛յ այստեղ արդեն Հակոբյանը կարծես թե ավելի անկեղծ է եւ իր գնահատականներում մոտենում է ճշմարտությանը: Սակայն այստեղ էլ դժվար է չնշել, որ «հայրենի ընդդիմությունն այդ աստիճան բզկտվեց եւ միմյանց նկատմամբ չարացավ», իսկ կոնկրետ մեկ քաղաքական ուժ «կամա թե ակամա օրվա իշխանությունների քաղաքական ազդեցության գործակալը դարձավ» նաեւ այն բանից հետո, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց առեւտրի մեջ մտնել իշխանության հետ` հանդիպելով Սերժ Սարգսյանին, ապա իր մեջքին մինչեւ վերջ կանգնելու պատրաստ ժողովրդին թողեց ոստիկանների հետ դեմ առ դեմ, իսկ ինքը գնաց իր իսկ բնորոշմամբ` «զորավարի» հետ աղոթելու: Անշուշտ, ներկայիս իրավիճակի, արդեն իսկ համապետական աղետի վերածված արտագաղթի ու սոցիալական սարսափելի խնդիրների համար նախ եւ առաջ մեղավոր է օրվա իշխանությունը, սակայն մեղքի իր զգալի մասնաբաժինն ունի նաեւ այդ իշխանությանն այլընտրանք լինելու հայտ ներկայացրած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը, որը, «քաղաքացի՛, տե՞ր ես» ասելով, վճռական պահին այդ նույն քաղաքացուն անտեր թողեց: «Երբեք օր առաջ ամբողջական, համակարգային իշխանափոխությունն այնքան հրատապ չի եղել, ինչքան այսօր է»` որպես հիմնական ուղերձ ասում է Ռուբեն Հակոբյանը: Եվ դարձյալ համաձայնելով նրա հետ, այդուհանդերձ պետք է հավելենք` երբեք օր առաջ ամբողջական, համակարգային ընդդիմափոխությունն այնքան հրատապ չի եղել, ինչքան այսօր է:
ՄԵՂՔԻ ԻՐ ԲԱԺԻՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ