Զիջված «ամեն մի թիզ հողում» հակառակորդն իրականացնելու է իր վայրագությունները. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» թերթը գրում է. «Ադրբեջանցի զինծառայողները կտրում են մեր սպանված հերոսի գլուխը, դնում են այն տոպրակի մեջ, ման են ածում իրենց խաղաղ բնակավայրերում, ցուցադրում են և հրճվանք են առաջացնում այդ բնակավայրերի երկու սեռի ներկացուցիչների և երեխաների մոտ։ Այդ և նմանատիպ նույնքան սահմռկեցուցիչ այլ տեսանյաթեր նկարահանում և տարածում են իրենք՝ ադրբեջանցիները, և Ֆեյսբուքում արժանանամ են իրենց հայրենակիցների նույնքան  բուռն հրճվանքին։

Ես սա գրում եմ ոչ թե ադրբեջանցիների նկատմամբ ատելություն առաջացնելու նպատակով։ Ոչ էլ փաստելու հարևան երկրի հասարակության լուրջ հիվանդությունը։ Ոչ էլ հույս ունենալով, որ Ռուսաստանը, Ամերիկան կամ Եվրոպան դա կդատապարտեն. այդքան միամիտ չեմ, որ չիմանամ, թե որքան հեռու է սփռվում դրանց «պրագմատիզմը»` ոչ մենք ենք դրանց պետք, ոչ էլ դրանք՝ մեզ։

Ես գրում եմ դա բացառապես «ներքին» (հայ) լսարանի համար, այսքան բան տեսնելուց հետո (պետք է ասեմ՝ տեսել եմ մի փոքր ավելի շատ, քան պտտվում է Ֆեյսբուքում) ես կտրականապես դեմ եմ «մադրիդյան», «կազանյան» կամ ցանկացած այդօրինակ «սկզբունքներին»։ Այլ կերպ ասած՝ ես դեմ եմ ոչ միայն 7 շրջանի, այլև մի քանի մետրի կամավոր զիջմանը՝ Արցախի կարգավիճակի մասին ինչ-որ անորոշ խոստումների դիմաց։ Որովհետև այդ մի քանի մետրն էլ Ադրբեջանն օգտագործելու է նույն վայրագ ահաբեկչությունների համար։

Ցանկացած կարգավորում ենթադրում է ինչ-որ մի վիճակ, որտեղ հայերն ու ադրբեջանցիները պետք է խաղաղ ապրեն կողք կողքի, վստահեն իրար։ Բայց եթե ես 100 տոկոսով վստահ եմ, որ ադրբեջանցու նպատակն ինձ վերացնելն է, ոչ միայն վերացնելը, այլև գլուխս կտրելը և մնացած բոլոր բաները (չխորանամ, թե ինչ՝ «ներքին գրաքննության» պատճառով), ուրեմն ինչո՞ւ ես պետք է առանց մարտի նրան հնարավորություն տամ դա անելու։ Ես չեմ ասում ՝ պետք է հրաժարվել փոխզիջումներից և որդեգրել «ոչ մի թիզ հող» առավելապաշտական սկզբունքը։ Պարզապես առաջարկում եմ առերեսվել իրականությանը և գիտակցել, որ այսօր «ամեն մի թիզ հողում» հակառակորդն իրականացնելու է իր  վայրագությունները։

Իհարկե, եթե Լեռնային Ղարաբաղը հռչակվի անկախ պետության և անկախության երաշխավորներ լինեն «համանախագահ երեք պետությունները», դա անվտանգության հզոր լծակ կլինի, բայց նույնիսկ այդ պահին ես դեմ կլինեի տարածք հանձնելուն, որովհետև հանձնելու հաջորդ օրն իսկ այդ տարածքներում հայտնվելու է հակառակորդի հրետանին, որը հարվածելու է այդ անկախ պետությանը։ Հասկանում եմ, որ քաղաքականապես Ադրբեջանին դա ավելի դժվար կլինի անել։ Բայց հարևան երկիրը հաղթահարել է նման շատ «խոչընդոտներ»։

Չգիտեմ՝ ի՞նչ են այս հարցի շուրջ մտածում Հայաստանի ներկա և նախկին նախագահները, ինչպես նաև Արցախի նախագահը, բայց ինձ թվում է, որ 4-օրյա պատերազմից հետո Մինսկի խմբի առաջարկները  պատեհ չեն։   Մեղմ  ասած»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս