Թուրքիան միակ երկիրն է, որն արդարացրել է Ադրբեջանի վայրագությունները: Այսօր կայացած ասուլիսում այս մասին նշեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձություններում ակնհայտ է թուրքական գործոնը: « Նրանք փորձում են ԱԳՆ-ի շուրթերով այս հակամարտությանը տալ կրոնական բնույթ, որն անբարոյականություն է», – շեշտեց Շարմազանովը: Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հանդիպմանը` Շարմազանովը ևս մեկ անգամ բարձր գնահատեց առաջին նախագահի այն հայտարարությունը, որը դեռևս խորհրդարանում ընթերցել էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Նա իրեն պահեց որպես երկրի առաջին նախագահ և, փառք Աստծո, Սերժ Սարգսյանն ընդունեց հանդիպման առաջարկը, և տա Աստված երկրորդ նախագահն էլ միանա իրենց», – ընդգծեց նա: Հարցին` նախկինում առաջին նախագահի գործողությունները մշտապես քննադատության էին ենթարկվում, Շարմազանովը նշեց. «Ես շատ փոքր մարդ եմ, որպեսզի իմ երկրի առաջին, երկրորդ կամ երրորդ նախագահներին գնահատականներ տամ: Նախագահի ինստիտուտը կոնկրետ իմ կողմից հարգանքի արժանի է եղել և կմնա: Ես առաջին նախագահից սկսած քննադատել եմ երևույթը, և հիմա էլ երևույթն եմ գնահատում»: