ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԵԼ Է «ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ» ԵՎ Ի՞ՆՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ ֆինանսների նախարարությունն ամփոփել է խոշոր կազմակերպությունների` պարտադիր արտաքին աուդիտ անցնելու գործընթացի արդյունքները 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ: Հանրությանը հայտնի անուն ունեցող շատ ընկերություններ այս տարի իրավունք չեն ունենա մասնակցել պետական գնումների համար հայտարարվող մրցույթներին:
Այդ տվյալների համաձայն՝ խոշոր համարվող 941 կազմակերպություններից աուդիտի են ենթարկվել 630-ը, որից 427 կազմակերպության տրվել է դրական կարծիք արտահայտող եզրակացություն, 203-ը չեն ստացել դրական կարծիք արտահայտող եզրակացություն, իսկ 311-ում աուդիտ չի անցկացվել: Հիշեցնենք, որ խոշոր են համարվում այն կազմակերպությունները, որոնց հաշվետու տարվա գործունեությունից հասույթը կամ ակտիվների հաշվեկշռային արժեքը տարվա վերջի դրությամբ գերազանցում է մեկ միլիարդ դրամը:
Ներկայացնում ենք մի քանի ընկերությունների անուններ, որոնք, արտաքին աուդիտի ոչ դրական եզրակացություն ստանալով, իրավունք չունեն մասնակցելու պետական գնումների մրցույթներին.  
Երեւանի պետական համալսարան,
Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարան,
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան,
Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան,
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան,
«Արաքս թռչնաֆաբրիկա» ընկերություն (հայտնի Ձվերի Խաչիկի ընկերությունը),
«Աշտարակ ձու», «Թամարա», «Բեկոն պրոդուկտ», «Մուշ», «Շանթ» ընկերությունները,
«Լուս աստղ շուգր» եւ «Լուս աստղ» ընկերությունները (պատկանում են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին):
«Սեւ ցուցակում» է հայտնվել նաեւ «Արմենիա» բժշկական կենտրոնը, որի ղեկավարը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Գրիգոր Գրիգորյանն է, ինչպես նաեւ՝
Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը,
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն,
«Նաիրի» ԲԿ-ն,
«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ն,
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն:
«Սեւ ցուցակում» են նաեւ՝ Ավշարի գինու գործարանը, «Արարատի» կոնյակի գործարանը, «Վեդի Ալկո» ընկերությունը, «Կոտայք» գարեջրի գործարանը (պատկանում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին), «Գետափի» գինու գործարանը, «Աշտարակյան գինիներ» ընկերությունը, Երեւանի գինու գործարանը, Երեւանի շամպայն գինիների գործարանը
եւ այլն:
Իհարկե, թվում է, թե ՀՀ ֆինանսների նախարարությունը բավական լուրջ գործ է արել, ու այլեւս որեւէ օրինախախտ ընկերություն չի կարող օգտվել «ատկատներից»: Մինչդեռ հայտնի է, որ մեր երկրի խոշոր գործարարներն ունեն մեկից ավելի ընկերություններ եւ անհրաժեշտության դեպքում մրցույթներին կարող են մասնակցել այլ ընկերությունների անուններով:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս