Ղարաբաղյան կոնֆլիկտում ստատուս քվոյի պահպանումն անընդունելի է. Մոգերինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը խոչընդոտ է հանդիսանում ինչպես կոնֆլիկտի կողմերի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար: Այս մասին, ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, Եվրախորհրդարանի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Մոգերինին նշել է, որ նախորդ ամսին Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը քննարկման գլխավոր թեման է եղել: «Վերջին անգամ այդ հարցը քննարկվել է 2011թ. լիագումար նիստի ժամանակ: Այդ հարցի քննարկումն անհրաժեշտ է, քանի որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան վտանգավոր կարող են լինել ձգձգվող կոնֆլիկտները»,- ասել է նա:

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի խոսքով՝ Հարավային Կովկասի տարածաշրջանը զարգացման զգալի ներուժ ունի, սակայն միևնույն ժամանակ համարվում է «անկայունության և պատերազմների աղբյուր»:

Մոգերինին հիշեցրել է նաև, որ ապրիլի 2-ին կոչ էր արել պահպանել հրադադարի ռեժիմն ու զսպվածություն դրսևորել:

ԵՄ դիվանագիտության ղեկավարը նշել է նաև ստատուս քվոյի անընդունելիությունը: «ԵՄ-ն չի կարող համաձայնվել ստատուս քվոյի հետ: Միակ ճանապարհը քաղաքական կարգավորումն է: Եվ մեր նպատակը կողմերի միջև բանակցությունների վերականգնումն է»,-հավելել է նա:




Լրահոս