ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՒՅՆԱՆՈՒՄ ԵՆ
Երեկ Գյումրիում ոսկերչական սրահից գողություն կատարելու պահին ձերբակալվել են երկու ոստիկան՝ Գյումրու Մուշ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրայր Քալաշյանն ու նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր Արտակ Բաղդասարյանը, որոնք համակարգում աշխատել են 13-15 տարի շարունակ: Տեղի ունեցածը, մեղմ ասած, կարելի է համարել արտառոց երեւույթ, որովհետեւ որպես քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցներ՝ այդ մարդկանց առաջնային գործն է եղել կանխել կամ բացահայտել հանցագործությունները: Բայց այս դեպքում հակառակն է. իրենք են կազմակերպել հանցանքը: Սակայն տեղի ունեցածն առավել խորքային պատճառներ ունի. փաստորեն, հանցագործն ու ոստիկանը գնալով նույնանում են:

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԶՐՈՒԿԸ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ավելի քան 1 մլն դրամ է վճարել «Յուքոմ» ընկերությանը՝ վերջինիս տրամադրած հեռախոսակապի ծառայություններից օգտվելու համար: Այստեղ ուշագրավը միայն այն չէ, որ ՊԵԿ-ը կարող է այդքան գումար ծախսել հեռախոսով խոսելու վրա, այլեւ այն, որ ՊԵԿ-ին հեռախոսակապի ծառայություն մատուցում է «Յուքոմ» ընկերությունը, որի սեփականատերը նույն ինքը՝ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն է: Այլ կերպ ասած՝ ՊԵԿ ղեկավարն իր իսկ հավաքագրած պետական բյուջեի միջոցները ծախսում է իր իսկ սեփականությունը հանդիսացող ընկերությանը շահույթով ապահովելու վրա: Հետաքրքիր է՝ ինչ է սա, եթե ոչ կոռուպցիայի դասական, մի փոքր օրինականացված օրինակ: Ցանկացած նորմալ երկրում նման փաստերն անհապաղ հանգեցնում են այդ պաշտոնյայի հրաժարականին, բայց դե սա Հայաստանն է, եւ այստեղ նման բաները նույնիսկ սովորական երեւույթ են:

ՊԱՐՏՔ ԵՆ ՄՆԱՑԵԼ
Վերամշակող կազմակերպությունների կողմից մթերված բերքի ծավալի գումարը կազմում է մոտ մեկ միլիարդ դրամ, որի 90 տոկոսը կանխիկ կերպով վճարվել է գյուղացիներին, իսկ 10 տոկոսը մոտակա երկու ամիսների ընթացքում կվճարվի: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանից: «Պայմանագրեր են կնքվել, եւ մեկ-երկու ամիսների ընթացքում այդ 10 տոկոսը կվճարվի: Իսկ «Սպայկա» ընկերությունն իր մթերած բերքի գումարները մարել է, ընդամենը մի քանի դեպքեր կան, որն էլ ընկերությունը նույնպես այս մեկ-երկու ամիսների ընթացքում կմարի»,-ավելացրեց փոխնախարարը: Տեղեկացնենք, որ այս տարի մթերվել է շուրջ 12 հազար տոննա ծիրան, արտահանվել է 21 հազար տոննա, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում մթերվել է 7750 տոննա ծիրան, արտահանվել` 11.500 տոննա:




Լրահոս