Չնայած Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հասարակությունից թաքցնում է Լեռնային Ղարաբաղի դեմ ապրիլյան ռազմական ագրեսիայի պատճառով սպանված եւ անհետ կորած զինծառայողների թիվը, այդուհանդերձ, հայտարարել է ապրիլի 15-ին առաջնագծում անհետ կորած մեկ զինծառայողի որոնման աշխատանքների շարունակվելու մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, հայտնում է Ադրբեջանի պաշտոնական «ԱզերԹԱջ» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի գերիների եւ անհետ կորածների, պատանդների պետկոմիտեին: Ադրբեջանական կողմն ապրիլյան իր կորուստների մասին վերջին տեղեկությունը հայտնել է ապրիլի 3-ին:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգահլըն ԶԼՄ-ներին ասել է, որ այդ օրվա դրությամբ` ադրբեջանական կողմն ունի 31 կորուստ` չնշելով ոչ անհետ կորած, ոչ էլ վիրավորված զինծառայողների թիվը:
Սակայն, Meydan TV ինտերնետային հեռուստաալիքը, հետազոտելով սոցցանցերում ապրիլի սկզբին ոչնչացված ադրբեջանցի զինծառայողների վերաբերյալ տեղեկությունները, հայտնել է ապրիլի 11ի դրությամբ 93 զինծառայողի կորստի, 34-ի վիրավոր լինելու եւ 6-ի անհետ կորելու մասին: Ադրբեջանի ՊՆ-ն այդ պնդմանը դեռեւս պաշտոնապես չի անդրադարձել: Ապրիլի 11ին հայկական կողմը 13 ադրբեջանցի զինծառայողի դի է վերադարձրել Ադրբեջանին: Չնայած ադրբեջանական կողմի խնդրանքով ապրիլի 5-ին ժամը 12:00-ից հայկական կողմի հետ զինադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է խախտել այն եւ գնդակոծել հայկական բնակավայրերն ու ԶՈւ դիրքերը: