ՇԵՆԳԱՎԻԹԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ «ՓԱԿ ՎԿԱՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. մարտի 1-ին Ներքին Շենգավիթում մի խումբ տղաների միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել, որն ավելի ուշ վերածվել էր ծեծկռտուքի: Արդյունքում՝ միջադեպի մասնակից 17-ամյա Գեւորգ Սերոբյանն այսօր կանգնած է լուրջ մեղադրանքի առաջ:
Եվ այսպես, ի՞նչ է տեղի ունեցել նշված օրը Ներքին Շենգավիթում, եւ արդյո՞ք անչափահաս տղան այնպիսի մեծ հանցանք է գործել, որի համար իրավապահները կարող են նրան մինչեւ 7 տարվա ազատազրկման դատապարտել: Նշենք, որ Գեւորգի նկատմամբ մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով… պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով):
Գեւորգի քեռու կինը՝ տիկին Եվգենյան, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց, որ կռիվը սկսվել է ո՛չ ավել, ո՛չ պակաս մի «բարեւից». «Իբր Գեւորգը բարեւել է այդ տղաներին, նրանք ասել են, թե ինչի լավ չես բարեւում, դե Գեւորգն էլ ասել է, թե լավ եմ բարեւում, ու խփել են Գեւորգին: Մոտավորապես ժամը 13:00-ի սահմաններում բակի տարիքով մեծ տղաները կռվել են փոքրերի հետ, ու հիմա մեր տղային մեղադրում են նրա համար, որ կռվի ժամանակ իբր իր ձեռքում երկաթից ձող է ունեցել: Քննիչին հարց ենք տվել. արդյո՞ք կա ապացույց, որ մեր Գեւորգի ձեռքում երկաթե ձող է եղել կամ, ասենք, ինչ-որ մեկն այդ ձողի արդյունքում տուժել է: Բնականաբար, մեզ ասում է, որ նման բան չկա, ու վստահաբար նշում, թե դա կապ չունի, ու այդ երկաթե ձողի համար նրանք Գեւորգին կարող են 7 տարի նստեցնել»: Եվ սա այն դեպքում, երբ քննիչներն ասել են, թե մի «փակ վկա» ցուցմունք է տվել այն մասին, որ ծեծկռտուքի ժամանակ Գեւորգի ձեռքին երկաթե ձող է տեսել. «Թե ով է այդ «փակ վկան», մենք չգիտենք: Անգամ Գեւորգի պաշտպան Տիգրան Աթանեսյանը երբ պահանջել է առերեսում անել, նրան ասել են, թե վկան գտնվում է կողքի սենյակում եւ պատրաստ է հարցերին պատասխանել գրավոր: Դե իհարկե, պաշտպանը հրաժարվել է՝ ասելով, թե դա վկա չէ, առերեսումը նշանակում է երես-երես, ոչ թե սենյակ-սենյակ: Անգամ մեր օրենսդրությունն այդպիսի բան թույլ չի տալիս: Բայց դե իրենց համար ի՞նչ օրենք»:
Արդյունքում՝ «քաջարի» իրավապահների ձեռքով 17-ամյա տղայի ճակատագիրը կարող է խորտակվել: Ինչո՞ւ, որովհետեւ մի չեղած ձողի համար իրավապահներն անգամ թույլ չեն տվել դպրոցի քննությունները հանձնել: Ձերբակալել են, եւ արդեն երկու ամիս է, ինչ գտնվում է «Աբովյան» ՔԿՀ-ում:
«Մեր պահանջը մեկն է, որ Գեւորգին ոչ թե անարդար կերպով դատեն, այլ արդար, օրենքով ինչ պատիժ հասնում է, համարժեք պատիժ սահմանեն: Ո՞վ լեզվակռիվ չի ունենում, բայց 7 տարի մի կռվի համա՞ր, դա անարդար է: Մենք թշնամի չունենք եւ երբեւէ միջադեպի մեջ չենք ընկել ու ոչ ոքի վատություն չենք արել, բայց Գեւորգին վատություն են ցանկանում անել»,-ասաց տիկին Եվգենյան:
Ովքե՞ր կամ ի՞նչ պատճառով են ցանկանում «վատություն անել»՝ դաժան մեղադրանք առաջադրելով: «Ժողովուրդ»-ը զրուցեց Գեւորգի պաշտպան Տիգրան Աթանեսյանի հետ: Նրա խոսքով՝ Գեւորգը պարզապես մոտեցումների զոհ է դարձել. «Շենգավիթի դատախազությունը, ենթադրելով, որ սա խուլիգանություն է, եւ չունենալով ցուցմունքներ, ստանալով օպերատիվ ինֆորմացիա, թե ով կապ ունի այս միջադեպի հետ, լսել են նաեւ Գեւորգի անունը: Արդյունքում տեսնելով, որ Գեւորգն իրենց ուզած ձեւով ցուցմունք չի տվել, նրան թիրախ ընտրելով՝ կալանավորել են` հետագայում իրենց ուզած ցուցմունքը ստանալու համար: Այս երեխային հանցագործ են սարքել իրենց ցուցանիշն ապահովելու համար ու այն էլ առանց որեւէ ապացույցի»: Ասել է թե՝ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արմեն Դավթյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Վահե Մամիկոնյանը, իրենց սենյակներում նստած, «մատից հոտ քաշելով», որոշում են, թե ում բանտ ուղարկեն, ում՝ արձակուրդ: Այս մակարդակի արդարադատությունն է, որ «քանդում» է երկրի հիմնասյուները:
Ինչեւէ, Տ. Աթանեսյանի խոսքով՝ ինքը ստեղծված իրավիճակի մասին բողոք է ներկայացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ՄԻՊ Կարեն Անդրեասյանին. «Այս պահին դեռեւս էական արդյունք չկա, բայց հուսով եմ: Տեսնենք՝ ինչ կլինի»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս