ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՀԱՅՐՆ ԱՆՈՒՆ Է ՏԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 30-ին Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում ըստ նախնական վարկածի ինքնասպան եղած Արագածոտնի մարզի Ցամքասար գյուղի բնակիչ Արման Մուրադյանի հայրը` Հովսեփ Մուրադյանը, երեկ՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, կարծիք հայտնեց, որ իր որդին ունակ չէր ինքնասպան լինելու: Ըստ նրա` իր տղայից  վրեժ են լուծել` նրան սպանելով, եւ ինքը տեղեկություններ ունի, թե ով կարող է դա արած լինել:
Նշենք, որ այս դեպքն առաջին իսկ հայացքից կասկածի տեղիք էր տվել: Բանն այն է, որ ըստ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության՝ 20-ամյա Արման Մուրադյանը հրազենային մահացու վիրավորում էր ստացել, իսկ զինվորի հարազատներին զորամասից միանգամայն այլ բան էին հաղորդել` ասելով, թե տղան ինքնասպան է եղել:
Այս օրերի ընթացքում մահացած զինվորի հարազատները, ինչպես նաեւ Ցամքասարի գյուղապետը, նշում էին, թե Արմանը վերջին անգամ խոսել է իր հոր հետ եւ գոհ է եղել ծառայությունից:
«Ժողովուրդ»-ին հաջողվեց զրուցել Հովսեփ Մուրադյանի հետ: Նա բացառեց, որ իր որդին ինքնասպան եղած լիներ, եւ նշեց, որ Արմանն իր հետ զրույցում ասել է, թե ինքը զորամասում կոնֆլիկտներ է ունեցել:
«Իմ տղան ինձ ասել է, որ զորամասում կոնֆլիկտներ շատ են եղել, ու ասել է, թե՝ պա՛պ, ամեն ինչ լավ կլինի, ու խնդիրները կհարթվեն, կգնան: Այս վերջին անգամ, որ տղայիս հետ խոսեցի, խորը հոգոց հանեց: Ասացի՝ Արմա՛ն ջան, ի՞նչ է եղել, ասաց, թե՝ պա՛պ, մի հոգի կա՝ ղարաբաղցի է, հետը կոնֆլիկտ ունեմ: Ասացի՝ տղա՛ ջան, ի՞նչ է եղել, հո լո՞ւրջ չէ: Արմանն ինձ ասաց, թե հանգի՛ստ եղիր, ես անձամբ կլուծեմ այդ հարցը»,-հուզված պատմեց  զինվորի հայրը` նշելով, որ որդին անուններ չի տվել: Իսկ ինքն էլ որդուն խորհուրդ է տվել, թե 4 ամիս է մնացել, ծառայությունը խելոք անցկացնի:
Մահացած զինվորի հոր հավաստի տեղեկություններով՝ իր որդին խնդիր է ունեցել ԼՂՀ N զորամասի գնդի հրամանատար Էմիլ Ավետիսյանի զինծառայող հարազատներից մեկի հետ. «Ինձ համար տարօրինակն այն է, որ այդ Էմիլ Ավետիսյանն այդ դիրքերում, որտեղ իմ տղան է եղել, երբեք հերթապահ չի եղել, ու ես չեմ բացառում, որ նա այդ դիրքեր գնացել է վրեժ լուծելու համար: Ո՞նց կարող էր 20 ամիս ծառայած զինվորը գնալ ինքնասպանության,  դա բացառված է: Գիտե՞ք, թե այդ Էմիլ Ավետիսյանն էրեխեքին ինչքան է խոշտանգել, վազեցնել է տվել ու լիքը շատ այլ բաներ: Ինչ ցուցմունք էլ տան նրա զորամասի ընկերները, ես չեմ հավատա, քանի որ այդ տղաներին այնքան ահ կտան՝ ասելով` եթե այն, ինչ ասենք, չգրեք, մենք ձեզ հետ հաշվեհարդար կտեսնենք, ու կարող է պատահել՝ Արմանի օրն ընկնեք: Ոչ թե իմ տղան է իր զենքով կրակել իրեն, այլ Ավետիսյանն է կրակել, եւ ես արդարություն եմ պահանջելու ու պայքարելու եմ արդարության համար»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս