Մեր Կառավարությունը հասկացավ իր ապիկարությունը, իսկ իշխանությունը, որ ամպագոռգոռ խոսքերով ժողովրդին չես պահի. Լուսինե Բադալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած բացահայտ հարձակողական գործողությունների հետեւանքով մեր զոհված զինծառայողների եւ վիրավորների ընտանիքների համար կառավարությունը պետք է նշանակի բավական բարձր թոշակ: Նման կարծիք հայտնեց ռադիո եւ հեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանը (Լուլու) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում:

«Տարբեր անհատներ, կազմակերպություններ եւ նախաձեռնություններ ամեն ինչ անում են, որ օգնեն այդ ընտանիքներին, սակայն պետք է սթափ դատենք եւ հասկանանք, որ մեկ անգամ, երկու անգամ օգնելուց հետո բոլորս կվերադառնանք մեր առօրյա հոգսերին եւ, հնարավոր է, հետեւողական չլինենք: Շատ լավ է, որ բոլորը ցանկանում են ինչ-որ կերպ աջակցել նրանց, սակայն այդ գործընթացը պետք է լինի ստաբիլ»,-ասաց նա:

Լուսինեն պատմեց, որ «Ռադիո Վան»-ը զոհված զինվորների մի մասի ընտանիքների շրջանում լրագրողական հետազոտություն է անցկացրել եւ պարզել, որ նրանք ապրում են սոցիալական ծանր պայմաններում. «Արդյունքը մեզ համար շոկային էր: Մենք ընտրեցինք ծայրահեղ ծանր վիճակում ապրող ընտանիքների, որոնց համար հայրենակիցների աջակցությամբ անհրաժեշտ պարագաներ ենք հավաքել եւ պատրաստվում ենք հանձնել նրանց»,-տեղեկացրեց հաղորդավարուհին:

Նա, անդրադառնալով հանրության շրջանում եւ հատկապես սոցցանցերում քաղաքական թեմաներով քննարկումներին, կոչ արեց քաղաքացիներին առավել զուսպ լինել այս օրերին. «Քաղաքականությունը նուրբ ոլորտ է, ամեն բան չէ, որ մենք գիտենք: Մենք վաղ հասակից ինչ-որ տրամադրվածություններ ունենք, այստեղից-այնտեղից ինչ-որ բաներ ենք լսել, մեզնից ամեն մեկը մի քաղաքական գործչի է նախապատվություն տալիս, բայց պետք չէ կարծել, թե բոլորս քաղաքագետ ենք ծնվել: Կարծում եմ` մեր կառավարությունը հասկացավ իր ապիկարությունը, իշխանությունը հասկացավ, որ ամպագոռգոռ խոսքերով ժողովրդին չես պահի, ուստի պետք է լուրջ, հաշվարկված գործեն, մենք էլ նրանց օգնենք»,-եզրափակեց հաղորդավարուհին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս