Արվեստի ոլորտի ամեն մարդ պետք է ձուլվի դրությանը. Անդրե Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«The Beautified Project» ռոք խմբի հիմնադիր, վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տարբեր առիթներով խոսել է հայ եւ թուրք ժողովուրդներին բարեկամացած տեսնելու իր մեծ ցանկության մասին: Նրան, առհասարակ, մշտապես մտահոգել են Հայաստանի հարաբերությունները հարեւան երկրների հետ:

Մենք Անդրեի հետ փորձել ենք պարզել` հնարավոր է արդյոք խոսել ժողովուրդների բարեկամության մասին վերջին օրերին Ղարաբաղի դեմ ադրբեջանական կողմի սանձազերծած փաստացի պատերազմի ֆոնին: Անդրեի համոզմամբ` այս պարագայում խնդիրը ժողովուրդների մեջ չէ, այլ, օրինակ, Թուրքիայի կառավարության, որն ամեն կերպ սատարում է Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, իսկ ժողովուրդների բարեկամությանը նա, ամեն դեպքում, հավատում է:

Մեր այն հարցին, թե որքանով է ստեղծված իրավիճակում կարեւորում արվեստագետի խոսքը, Անդրեն պատասխանեց. «Այս պարագայում ոչ այնքան կարեւոր է մեր խոսքը, որքան` գործը: Հայաստանում խոսք ասողները բավական շատ են: Ինձ թվում է` արվեստի ոլորտի ամեն մարդ պետք է փորձի ձուլվել դրությանը: Օրինակ` լռության երթը` ի հիշատակ զոհված զինվորների, պետք է, բայց նաեւ հարկավոր է օգնել սահմանում կանգնած զինվորին: Հուշ-երեկոներ, տարբեր նմանատիպ միջոցառումներ կարելի է անել այն ժամանակ, երբ մեր երկրի մի շարք բացթողումներ, խնդիրներ լուծված կլինեն, իսկ մենք գլոբալ խնդիրներ ունենք լուծելու, պարտականություններ ունենք կատարելու»:

Նա նաեւ նշեց, որ զոհված զինվորներից մեկի ընտանիքին սատարելուն ուղղված մի նախագիծ է պատրաստվում իրականացնել, որի վերաբերյալ փակագծերը բացել դեռ չցանկացավ:

Ռոք երգիչը, խոսելով վերջին օրերին ստացած դասերի մասին, նկատեց, որ լավ կլինի, եթե մեր ժողովուրդը առօրյայում նույնքան զգոն եւ միաբանված լինի, որքան «կատաստրոֆիկ իրավիճակներում»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս