Հայաստան-Ավստրիա գործարար համաժողով. Հայաստանի զարգացման հիմնադրամը կաջակցի ավստրիացի գործարարներին՝ ներդրումների ցանկացած փուլում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի զարգացման hիմնադրամը գործընկեր կազմակերպության՝ Ավստրիայի դաշնային տնտեսական պալատի հետ համատեղ հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի շրջանակում նախաձեռնել է գործարար համաժողով, որը մեկնարկել է այսօր՝ ապրիլի 13-ին, Վիեննայում։

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած հայկական պատվիրակության կազմում Ավստրիա են մեկնել շուրջ 25 ընկերության ներկայացուցիչներ՝ շինարարության, տրանսպորտի և բեռնափոխադրումների, սննդամթերքի արտադրության ոլորտներից, ինչպես նաև ներկրումներով և արտահանումներով զբաղվող ընկերություններից։

Հայ գործընկերների հետ գործարար հնարավորությունները և համագործակցության հնարավոր հեռանկարները քննարկելու նպատակով համաժողովին մասնակցում են ավստրիական ավելի քան 35 ընկերությունների և մասնագիտական կառույցների ներկայացուցիչներ։

Նրանց թվում են գործարար ոլորտը միավորող հասարակական կառույցների, խորհրդատվության, էներգետիկ արդյունավետության, շինարարության ոլորտների, ինչպես նաև մեծածախ և խոշոր գնորդ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Համաժողովի ընթացքում հայկական կողմը կներկայացնի մեր երկրի ներդրումային միջավայրն ու հնարավորությունները, կառավարության այսօրվա տնտեսական օրակարգը, բարեփոխումների ընթացքը, միջազգային առևտրային արտոնյալ ռեժիմները և, աշխարհաքաղաքական նոր զարգացումների համատեքստում, Հայաստանի կամրջող դերը Իրանի հետ։ Նախատեսված են 200-ից ավելի B2B հանդիպումներ, որոնց ընթացքում կքննարկվեն համատեղ ծրագրեր։

«Կարծում ենք` գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնողական էներգետիկայի ոլորտները բավականին հեռանկարային են հայ-ավստրիական համատեղ բիզնեսի համար։ Մեր ավստրիացի գործընկերներին կհաղորդվի, որ Հայաստանի զարգացման հիմնադրամը կաջակցի ցանկացած գործարար պայմանավորվածության ցանկացած փուլում՝ նպաստելով ներդրումների հեռանկարներ ունեցող ծրագրերի իրականացմանը»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը։

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն




Լրահոս