Կառավարության` ապրիլի 15-ին կայանալիք նիստում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կներկայացնի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին որոշման նախագիծը:
Հաշվի առնելով համաձայնագրի 7-րդ և 9-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետությունը մի քանի գերատեսչությունների հանձնարարականներ է տվել:
Կառավարությունը ՀՀ ֆինանսների նախարարին կհանձնարարվի հսկողություն իրականացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր) հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝
ա. հստակեցնել Հայաստանի Հանրապետությանը մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը,
բ. ՌԴ համապատասխան մարմինների (այդ թվում՝ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայություն և «ՌոսՕբորոնԷքսպորտ» ԲԸ) հետ քննարկել և ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները:
Առաջարկել ՀՀ կենտրոնական բանկի նախագահին՝
ա. Համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ մինչև 2016 թվականի ապրիլի 29-ը Ռուսաստանի Դաշնության «Վնեշէկոնոմբանկ»-ի հետ իրականացնել աշխատանքներ վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ,
բ. վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագրի ստորագրման մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնել ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ պաշտպանության նախարարությանը: