ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն օրերս «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ օգոստոսին թոշակների վճարման հարցում խնդիրներ չեն առաջանալու: Իսկ նախորդ ամիսներին ծագած խնդիրները, երբ մի քանի հարյուր թոշակառուներ դուրս էին մնացել տեղեկատվական ցանկերից, չեն կրկնվի, քանի որ տեղեկատվական բազաների ճշգրտումն ավարտվել է: Սակայն երեկ «Հայփոստ» ՓԲԸ-ի երեւանյան մի քանի բաժանմունքներում լարված դրություն էր: Պատճառը թոշակառուների ցուցակների բացակայությունն էր:
Հիշեցնենք, որ արդեն երեք ամիս է, ինչ թոշակառուները թոշակ ստանալիս փաստի առաջ են կանգնում. նրանց կենսաթոշակները ժամանակին չեն տրվում, բացի այդ, խնդիրներ են առաջանում՝ կապված ցուցակային անճշտությունների հետ:
«Ժողովուրդ»-ն այցելեց Սարյան 22 հասցեում գտնվող «Հայփոստ»-ի բաժանմունք, որտեղ արձանագրեց, որ «Հայփոստ»-ի աշխատակիցները թոշակառուներին հանգստացնում էին՝ ասելով, թե գումարը կա, իսկ ցուցակները շուտով կլինեն: Թոշակառուներին, բացի ցուցակների բացակայությունից, անչափ զայրացրել էր այն փաստը, որ հեռուստաընկերությունները, որոնց նրանք դիմել էին, հրաժարվել են գալ եւ լուսաբանել իրավիճակը:
«Աղջի՛կ ջան, սոցապ նախարարն ո՞վ է, ո՛չ ճանաչում եմ ու ո՛չ էլ ցանկություն ունեմ ճանաչել: Ո՞վ է նա, մեզ պետք չէ, եթե նա լավ մարդ լիներ, այս խեղճերի մասին կմտածեր, հարյուրավոր հաշմանդամներ են գալիս, սպասում: Նույնիսկ աթոռ չկա, որ նստենք ու սպասենք: Տեսե՛ք, նստել եմ սեղանի վրա»,-զայրացած նկատեց 73-ամյա Կտրիճ Պողոսյանը:
Վրդովված քաղաքացիները «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ օգոստոսի 5-ին թոշակները բաժանելու մասին հայտարարվել է նաեւ հայկական բոլոր հեռուստաընկերություններով: «Նույնիսկ սոցապ նախարարն էլ ինքն իր բերանով նույնը հայտարարեց ու ասաց, որ ցուցակների հետ խնդիրներ չեն լինի, անճշտությունները վերացվել են, եւ ոչ ոք դուրս չի մնա ցուցակից, այսինքն՝ բոլոր աշխատանքները` կապված ցուցակների հետ, ավարտված են: Բա ո՞ւր է: Ահա, Դուք եք տեսնում, վաղ առավոտից ժամերով կանգնած՝ սպասում ենք նախարարի ասած «ճշտված ցուցակներին»»,-վրդովվեց թոշակառու Արմենուհի Ղազարյանը:
«Աղջի՛կ ջան, այստեղ մարդ կա, որ սոված է, այստեղից դուրս գալուց ճանապարհին սովածությունից կուշաթափվի ու կընկնի: Այսօրվա իշխանությունները խաբում են մեզ, իրենց այս անիրավ գործողություններով թոշակառուներին ենթարկում են դանդաղ մահվան: Սրա պատասխանը միայն վարչապետը գիտի: Կարմիր լենտեր կտրելով կամ ինչ-որ գործարաններ գնալով ու սպիտակ խալաթ հագնելով՝ չի կարելի երկիր ղեկավարել եւ վարչապետ լինել»,-դողդոջուն ձայնով ասաց մեկ այլ թոշակառու:
Ի վերջո, բարձրացրած աղմուկից հետո՝ միայն օրվա երկրորդ կեսին, բաժանվեց թոշակը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամլո քարտուղար Արամայիս Շահբեկյանի հետ. «Վճարման կազմակերպությունները գալիս են, ցուցակները վերցնում եւ տանում «Հայփոստ» ՓԲԸ-ի համապատասխան ստորաբաժանում, ինչից հետո սկսվում են վճարումները: Մենք աշխատել ենք, որ ցուցակները հնարավորինս շուտ գնան «Հայփոստ»-ի ստորաբաժանումներ: Տեղյակ եմ, որ «Հայփոստ»-ի որոշ բաժանմունքներում ցուցակներն ավելի ուշ են տեղ հասել, քան մյուսներում, բայց կեսօրից հետո բոլոր բաժանմունքներում վճարումներ են իրականացվել»:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե արդյոք նման իրավիճակ կլինի նաեւ սեպտեմբերին, սոցապ ծառայության պետի մամլո խոսնակը պատասխանեց. «Վստահ չեմ կարող ասել, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ: Կարծում եմ` չի լինի»:
ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ԺԱՄԵՐՈՎ ՍՊԱՍԵՑՐԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ