«ԵՍ ԵՐԲԵՔ ԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՉԵՄ ԴԱՎԱՃԱՆԵԼՈՒ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Ժողովուրդ»-ը գրել էր, որ օր օրի վատանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանի ֆինանսական վիճակը: Նշել էինք, որ որոշ ժամանակ առաջ պատգամավորը «Յունիբանկ»-ից վարկ է վերցրել Քանաքեռ-Ջեյթուն եւ Արաբկիր վարչական շրջաններում էլիտար շենքեր կառուցելու համար, սակայն մինչ օրս չի կարողանում վարկը մարել: Այդ պատճառով էլ ստիպված այդ շենքերից բնակարաններ է «թողնում» այդ կերպ վարկը «մարելու» համար: «Ժողովուրդ»-ն այս առիթով մի քանի հարց ուղղեց Արագած Ախոյանին:
-Պարո՛ն Ախոյան, անընդհատ տեղեկություններ են շրջանառվում, որ Ձեր ֆինանսական վիճակը վատ է, ու Դուք ճգնաժամի մեջ եք: Տեղեկություններ կան, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Ձեզ նախատել է այն բանի համար, որ Ձեր խնդիրների պատճառով ինքը եւս անհարմար իրավիճակում է հայտնվել: Ճի՞շտ են այդ տեղեկությունները:
-Իրականում նման խոսակցություն Գ. Ծառուկյանի հետ ընդհանրապես չի եղել, ու մենք անգամ նման թեմաներով չենք էլ զրուցում, ու ես ապշած եմ, թե ով կարող է նման ինֆորմացիա տալ: Երեւի վերջին անգամ նշեմ, չգիտեմ՝ հայտարարեմ, որ ես բիզնեսով չեմ զբաղվում: Իմ ընտանիքը բիզնես ունի, որի մասին բոլորը գիտեն, ու այդ շինարարական ընկերությունն էլ որեւէ խնդիր չունի: Ու այդ ընկերությունը շատ լուրջ գործունեություն է ծավալում: Ես զարմանում եմ անգամ, որ նման ինֆորմացիա են տարածել: Համոզված եմ, որ այդ տեղեկություն տարածողները ինչ-որ անձնական խնդիրներ ունեն, չգիտեմ՝ ինչ-որ բան այն չէ, եթե նստում, նման բաներ են հորինում ու տարածում:
-Իսկ «Յունիբանկ»-հ հետ կապված խնդիրը, ըստ որի՝ Դուք Ձեր բնակարանները «թողնում» եք բանկին:
-Ես կարող եմ Ձեզ տրամադրել բանկի կառավարչի համարը, ու Դուք անձամբ կարող եք ճշտել այնտեղից, որ իրականում որեւէ խնդիր չկա՝ բանկի հետ կապված: Փառք Աստծո, մենք այնքան պինդ ենք ու այնքան ուժեղ, որ պարտաճանաչորեն կատարում ենք մեր խնդիրները: Այդ կազմակերպությունը գոնե մեկ ժամ չի ուշացրել իր վարկը, որեւէ խնդիր չունի: Մենք, ի դեպ, չունենք էլիտար շենքերի կազմակերպություն, ունենք շինարարական կազմակերպություն, որը մեր ընտանեկան բիզնեսն է, ու կարող եք այդ մասին զրուցել նաեւ ընկերության տնօրեններից մեկի հետ, որոնք եւս կփաստեն այն, ինչ ես ասում եմ: Անկեղծ ասած, չեմ կարողանում հասկանալ, թե որտեղից են այդ տեղեկությունները: Մտածում եմ, որ գուցե եղել է մի ժամանակաշրջան, երբ միշտ անում ես, ու գալիս է մի պահ, որ սկսում ես չանել, մարդկանց թվում է, թե ինչ-որ խնդիրներ կան: Հնարավոր է այդ տարբերակը, հնարավոր է՝ ինչ-որ մեկին ինչ-որ մի բան մերժել են: Չեմ կարող հստակ բան ասել:
-Այժմ նշվում է, որ Դուք Արեւմտյան Հայաստանում պատրաստվում եք հյուրանոցային համալիր կառուցել: Երբվանի՞ց եք սկսելու այդ աշխատանքները:
-Երանի այդ օրը: Նախ ասեմ, որ իմ երազանքն է այնտեղ տուն կառուցելը, բայց նման բան չկա, թե ես պատրաստվում եմ հյուրանոց կառուցել Արեւմտյան Հայաստանում, ուղղակի իրականությանը չհամապատասխանող տեղեկություն: Հյուրանոցից առավել այնտեղ այլ շատ խնդիրներ կան: Արեւմտյան Հայաստան ամեն անգամ գնում եմ մեծ սիրով ու մեծ փափագով, սակայն նման մտադրություն չունեմ: Մենք այնտեղ շատ միջոցառումներ ենք կազմակերպում:
-Լավ, տեղեկություններ կան, որ սեպտեմբերին Ձեր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է հայտարարել, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է: Հնարավո՞ր է՝ նման դեպքում Դուք լքեք կուսակցության շարքերը:
-Ես կշարունակեմ լինել կուսակցությունում: Ես կորոշեմ իմ կեցվածքը, բայց մի բան հստակ է, որ ես երբեք իմ կուսակցությանը չեմ դավաճանելու:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս