«Արա Աբրահամյանի ղեկավարած կառույցը Ռուսաստանում ձայնազուրկ են, պատանդ, ստրուկ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլի 1-ից 4-ն ընկած ժամանակաշրջանում իրականացված ռազմական գործողությունների մասին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր դիրքորոշումը հայտնեց միայն երեկ:
ՌՀՄ կողմից տարածված հաղորդագրության մեջ նշված էր, որ Ռուսաստանի հայերի միության ձայնը միայն հայկական ԶԼՄ ներկայացուցիչներին չի հասել եւ մինչեւ Կրեմլ եւ Ադրբեջան այն հասել է վաղուց եւ առանց «պիկետների»: «ՌՀՄ «լռության» եւ «անգործության» մասին. Այն, որ ՌՀՄ-ն եւ Ռուսաստանի հայկական համայնքը ոչինչ չի անում եւ լռում է, ցավոք, սխալ կարծիք է, որը տարածվում է հայկական ԶԼՄ-ներում, որոնք համառորեն չեն ցանկանում տեսնել եւ խոսել այն ահռելի աշխատանքի մասին, որը տանում է ՌՀՄ-ն ավելի քան 15 տարի, հայերի համար այդ դժվարին տարիներին:

Ռուսական համայնքի եւ ՌՀՄ-ի ձայնն առանց հանրահավաքների հասել է ինչպես մինչեւ Կրեմլ, այնպես էլ Ադրբեջան»: ՌՀՄ-ն որպես դրա ապացույց բերում է ՌԴ ղեկավարությանն ուղղված համառուսական ադրբեջանական կոնգրեսի ուղերձը, որում ուշադրություն է հրավիրվում Արա Աբրահամյանի գործունեությանը, մասնավորապես նրա՝ «Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունների հետ կապված ազգայնական կարգախոսներին եւ կոչերին», որոնցում Աբրահամյանն Ադրբեջանին ագրեսոր է անվանում, բացասական արտահայտվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հասցեին…:

Բացի այդ՝ ՌՀՄ-ն նշում է որ Արա Աբրահամյանը, որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան, դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ կոչ անելով միջազգային էմբարգո սահմանել Ադրբեջանին սպառազինությունների մատակարարմանը՝ որպես ագրեսոր երկիր: Ցուցակը կարելի է շարունակել՝ ներառելով փորձագետների հետ աշխատանքը, որոնք աջակցություն են ցուցաբերում Արցախին, որի մասին պետք չէ բարձրաձայն հայտարարել: Նկատենք, որ թեւեւ հայտարարության մեջ գեղեցիկ ու ճոխ բառերով ներկայացված է Արա Աբրահամյանի կողմից ղարաբաղյան խնդիրը լուծելու համար արված այս կամ այն քայլերը, բայց դրանց կենդանության որեւէ նշույլ չի զգացվում:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն այս կապակցությամբ նկատեց. «Տխուր էր տեսնել, երբ ամբողջ աշխարհն ալեկոծված էր, տարբեր քաղաքների տարբեր դեսպանատների առջեւ բողոքի ցույցեր, աջակցություն, կոչեր էին հնչում, եւ այդ ամբողջի մեջ չէր լսվում հսկայական` 2 միլիոնանոց ռուսական հայ համայքի ձայնը: Մեծ ուշացումով արձագանք տրվեց: Բայց բավարարվել միայն հայտարարությամբ եւ ցույց չտալ ուժը, շատ ցավալի եւ դառը իրողություն է: Սա նշանակում է, որ Ռուսաստանում ձայնազուրկ են, պատանդ, ստրուկ: Այս իրավիճակը առաջին հերթին պետք է մտահոգի պարոն Աբրահամյանին: Մնացած աշխատանքը, որ իբր չենք նկատում, կարծում եմ` մենք նկատում ենք այն, ինչ արվում է»:

Արփինե Թովմասյան




Լրահոս