29-ԻՑ ԿԸՆՏՐՎԵՆ 23-Ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 14-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի կունենա Ալբանիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Օգոստոսի 10-ից Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Երեւանում մեկնարկող մարզական հավաքով կնախապատրաստվի այդ հանդիպմանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է հավաքականի ընդլայնված կազմը, որը պետք է նախապատրաստվի առաջիկա հանդիպմանը. դարպասապահներ` Ռոման Բերեզովսկի («Դինամո», Մ.), Գեւորգ Կասպարով («Զոբ Ահան», Իրան), Արթուր Հարությունյան («Շիրակ»), Գոռ Մանուկյան («Փյունիկ»)։ Պաշտպաններ` Ռոբերտ Արզումանյան («Ակտոբե», Ղազախստան), Վալերի Ալեքսանյան («Ռահ Ահան», Իրան), Հրայր Մկոյան («Գանձասար»), Արտյոմ Խաչատուրով («Տիրասպոլ», Մոլդովա), Վարազդատ Հարոյան («Փյունիկ»), Տարոն Ոսկանյան («Փյունիկ»), Կամո Հովհաննիսյան («Փյունիկ»), Լեւոն Հայրապետյան («Վիձեւ», Լեհաստան), Արթուր Ավագյան («Գանձասար»)։ Կիսապաշտպաններ` Կառլեն Մկրտչյան («Մետալուրգ», Դոնեցկ), Արթուր Եդիգարյան («Կայրաթ», Ղազախստան), Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա», Դորտմունդ), Դավիթ Մանոյան («Փյունիկ»), Գեւորգ Ղազարյան («Շախտյոր», Կարագանդա, Ղազախստան), Մարկոս Պիզելի («Կրասնոդար»), Արազ Օզբիլիս («Սպարտակ», Մոսկվա), Էդգար Մանուչարյան («Ուրալ»), Նորայր Ասլանյան («Վիլլեմ II», Հոլանդիա), Կարեն Մուրադյան («Շիրակ»), Վարդգես Սաթումյան («Միկա»)։ Հարձակվողներ` Յուրա Մովսիսյան («Սպարտակ», Մոսկվա), Արթուր Սարկիսով («Ուրալ»), Միխայիլ Մարկոսով («Սիբիր»), Սարգիս Ադամյան («Հանզա», Ռոստոկ, Գերմանիա), Աղվան Պապիկյան («Փյունիկ»)։
Վարդան Մինասյանը հայտարարել է, որ նշված խաղացողներից մի քանիսը կմասնակցեն նաեւ օգոստոսի 11-ին կայանալիք Եվրոպայի Մ-21 առաջնության Ղազախստան-Հայաստան ընտրական փուլի հանդիպմանը, որից հետո կմիանան ազգային հավաքականին: 29 ֆուտբոլիստներից Ալբանիայի հավաքականի հետ հանդիպմանը պատրաստվելու համար կընտրվեն 23-ը։
Ավելացնենք, որ Ալբանիայի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի 37-րդ հորիզոնականում է, իսկ թիմի անդամների շուրջ 90 տոկոսը լեգեոներներ են:
ԼԻԼԻԹԸ` ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը բրոնզե մեդալակիր դարձավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված շախմատի կանանց Եվրոպայի 14-րդ անհատական առաջնությունում:
Վերջին տուրում Մկրտչյանը սպիտակներով հաղթեց Վալենտինա Գունինային՝ մրցաշարն ավարտելով 8 միավորով: 8-ական միավոր հավաքեցին նաեւ 2-7-րդ տեղերը բաժանած շախմատիստները, եւ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկով Լիլիթն արժանացավ բրոնզե մեդալի: Մեր երկրի ներկայացուցիչներ Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ Աննա Հայրապետյանը հավաքեցին 6-ական միավոր: 9 միավորով Եվրոպայի չեմպիոն դարձավ Հունգարիան ներկայացնող Տրանգ Հոանգը։
Եվրոպայի առաջնության մասին մանրամասները «Ժողովուրդ»-ը կներկայացնի առաջիկա համարներից մեկում: Միայն հավելենք, որ արդյունքը կարելի է համարել լավ, քանի որ, ի տարբերություն տղամարդկանց, կանանց շախմատին մեր երկրում առանձնակի ուշադրություն չի դարձվում:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս